Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի` որդին` Արագած Թամրազյանը ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է կրակել գազալցակայանի ուղղությամբ: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ հուլիսի 7-ին անհայտ անձի կողմից հաղորդվել է որսորդական հրացանով կրակելու միջոցով գազալցակայանի աշխատասենյակի պատուհանի ապակիները եւ տարածքում տեղադրված սուրճի եփման ավտոմատ սարքը վնասելու մասին:

Քննչական բաժնից ստացվել է տեղեկանք, որ փաստի առթիվ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով կասկածյալ Արագած Արարատի Թամրազյանը հուլիսի 11-ին ժամը 17.00-ին կամավոր ներկայացել է Տավուշի մարզի քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է իր մոտ գտնվող օրինական գրանցված բայկալ հրազենով կրակ արձակել գազալցակայանի ուղղությամբ:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն այդ դրանք  համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ: Ըստ Դիլիջանում շրջանառվող լուրերի, գյուղապետի որդիները՝ Արտո եւ Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով  կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը: Պարզվում է` նրանք վաղուց թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ, ու թեթեւ կոնֆլիկտից հետո բանը հասել է դրան: Քանի որ գյուղապետը եւս Հաղարծին տանող ճանապարհին ունի գազալցակայան, այս մարզում տնտեսական մրցակցությունը երբեմն-երբեմն նման դրսեւորումներ է ունենում: «Ուշագրավն այն է, որ այդ դեպքից հետո այստեղ ակտիվորեն իրականացվում է «զենք-զինամթերքի հանձնման օպերացիան»: Վերադառնալով միջադեպին՝ նշենք, որ ոստիկանությունից մեզ հավելյալ տեղեկություններ չտրամադրեցին, անգամ չհիշատակեցին միջադեպին մասնակից կողմերի անունները: Լրատվական ծառայությունից միայն հայտնեցին, որ այդ օրը բենզալցակայանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Կատարվում է քննություն: Այնպես որ, կրակոցներն ու կրիմինալը միայն Գյումրիում ու Սյունիքի մարզում չեն, Տավուշի մարզն էլ առանձնապես ետ չի մնում»,- գրում է թերթը: