Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 49 նորակառույց շենքի բնակիչները ապրում են ոչ հիգիենիկ պայմաններում` կոյուղաջրերի ու աղբի ընկերակցությամբ: Այս մասին պատմեցին NEWS.am-ի խմբագրություն ահազանգած 4-րդ թաղամասի 49 նորակառույց շենքի բնակիչները:

Նրանք պատմեցին, որ շենքը կառուցել է «Եղվարդի արտադրական բազա» ՍՊԸ-ն: Թեեւ այն 2012թ հանձնել են շահագործման եւ արդեն 20-30 ընտանիք ապրում է, սակայն մինչ օրս տարածքի բարեկարգման, աղբի հեռացման, կոյուղաջրերի խնդիրները չեն լուծվել: Դրանից բացի` նորակառույց շենքի բնակիչները ոչ ջրմուղի, ոչ էլցանցերի բաժանորդ չեն, հաշվիչը ընդհանուր է մեկ շենքի համար:

Բնակիչները պատմում են, որ շենք չորս կողմից շրջապատում է աղբը, ծաղիկներով, ատրակցիոններով բարեկարգված հրապարակը ուղղակի երազանք է: «Ոնց որ շինհրապարակ լինի, շենքի կողքին, որտեղ խաղում են մեր երեխաները, փայտաշեն զուգարան է: Մարդկանց պատուհաններից բացվում է աղբի տեսարանը, ինչպես կարող է  մարդը ապրել նման պայմաններում, ամոթ չէ՞, որ դարն է, գոնե աղբը հավաքեն, զուգարանը տանեն, էներգիայի, ջրի հարց լուծեն, խաղահրապարակ դնեն, սա է ավելի լավ Երեւանը»,- նշեցին բնակիչները: