Դիլիջանի ոլորաններում «Պազ» մակնիշի ավտոբուսի վթարի ենթարկվելու հետեւանքով տուժածների մեծ մասն արդեն ապաքինվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դիլիջանի հիվանդանոցի տնօրեն Սիլվա Պետրոսյանն ասաց, որ իրենց հիվանդանոց տեղափոխված անձանցից բոլորը դուրս են գրվել: Նա նշեց, որ տուժողների առողջական վիճակը լավ էր, նրանք դուրս են գրվել, իսկ երկու հոգու, որոնք լրացուցիչ հետազոտության կարիք ունեն, ուղարկել է «Էրեբունի» հիվանդամոց:
Մինչ այդ «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել վթարից տուժած 6 հիվանդ: Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ երեք տուժողի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են այլ բաժանմունքներ, իսկ մնացած 3-ին էլ այլ բաժանմունքներ կտեղափոխեն առաջիկա օրերին: «Էրեբունի» բ/կ-ից հայտնեցին նաեւ, որ տուժողների առողջական վիճակը կայուն է, կյանքին վտանգ սպառնացող հիվանդ չկա:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ վթարի հետեւանքով իրենց մոտ տեղափոխված երկու կանանց վիճակը կայուն է, նրանց Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են մեկ այլ բաժանմունք:
Ինչ վերաբերում է վթարի հետեւանքով ջլերի վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված տուժածին, ապա հիվանդանոցից հայտնեցին, որ նրան վիրահատել են եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Դիլիջանի ոլորաններում ավտոբուս է վթարի ենթարկվել, կան բազմաթիվ վիրավորներ: Վթարի մասին ահազանգը ստացել են առավոտյան 9.15-ի սահմաններում, այժմ ոստիկանները իրենց մեքենաներով տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: «Պազ» մակնիշի ավտոբուսը Դիլիջանի ճանապարհին` ոլորաններից ընկել է ներքեւ, մահացածներ չկան, բայց կա 18 վիրավոր:





























