Կահիրեից արևմուտք գտնվող մայրուղոմ միկրոավտոբուսի և ծանր բեռնատարի բախման հետևանքով տասը մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը։

Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Եգիպտոսի մայրաքաղաքի արևմտյան ծայրամասում՝ Գիզայի նահանգի Հոկտեմբերի 6 քաղաքի մերձակայքում։ Գերատեսչության տվյալներով, տուժածներից տասը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսամ Աբդել Ղաֆարը նախազգուշացրել է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է փոխվել․ իշխանությունները շարունակում են գնահատել վթարի հետևանքները։

Ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են լուրջ խնդիր մնալ Եգիպտոսի համար։ Երկրի պետական վիճակագրական գերատեսչության տվյալներով, ամեն տարի վթարների հետևանքով ավելի քան 75 հազար մարդ վնասվածքներ է ստանում, իսկ ավելի քան հինգ հազարը՝ զոհվում։ Նման պատահարների հիմնական պատճառների թվում նշվում են վտանգավոր վարելը, մեքենաների տեխնիկական վատ վիճակը և ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ անբավարար վերահսկողությունը։

Այս ամսվա սկզբին Կահիրեից արևմուտք բեռնատարի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ էր զոհվել, ևս 34-ը՝ վիրավորվել։ Անցյալ ամիս Սինայի թերակղզում ավտոբուսի վթարի հետևանքով 22 մարդ էր զոհվել, այդ թվում՝ Հորդանանից տասը զբոսաշրջիկ։ Օգոստոսին Եգիպտոսի հյուսիսում սեզոնային գյուղատնտեսական աշխատողներ տեղափոխող երկու պիկապների բախման հետևանքով առնվազն 18 մարդ էր զոհվել, որոնցից շատերը երեխաներ էին։