Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իրանցի ժողովրդի զգոնությունը, հավատը, անձնուրացությունն ու տոկունությունը շարունակում են մնալ արտաքին ագրեսիային դիմակայելու առանցքային պայմանները։ Նա նաև վստահություն է հայտնել «երրորդ պարտադրված պատերազմում» երկրի հաղթանակի հարցում, հաղորդում է Tasnim-ը։

Այս մասին ասվում է Խամենեիի՝ հոկտեմբերի 31-ին հրապարակված ուղերձում՝ նվիրված «Զուլֆաքարի» գործողության տարեդարձին։ Իրանական ուժերի այդ հարձակման արդյունքում 1980 թվականին իրաքյան զորքերը դուրս մղվեցին Աբադան կղզուց։

Գործողությունը տեղի է ունեցել իրանա-իրաքյան պատերազմի մեկնարկից մոտ 40 օր անց և Իրանում համարվում է ութամյա հակամարտությունում երկրի առաջին հաղթանակներից մեկը։

Խամենեին նշել է, որ գործողության հաջողությունն ապահովել են բնակչության զգոնությունը, կամավորների անձնուրացությունն ու տոկունությունը, ինչպես նաև բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունները։ Նա հիշեցրել է տեղի բնակիչների և մզկիթների հավատացյալների դերի մասին, որոնք սահմանափակ միջոցներով միացել են պայքարին՝ Աբադանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլլա Ջամիի ղեկավարությամբ։

Իրանի առաջնորդը նշել է, որ իրաքյան վարչակարգը փորձել է թուլացնել իրանցի և իրաքցի ժողովուրդների պատմական ու կրոնական կապերը՝ օգտագործելով կարգախոսներ և անհիմն հավակնություններ։ Նա զուգահեռ է անցկացրել պատերազմի սկզբում Իրաքի գործողությունների և Իրանի ներկայիս հակառակորդների գործողությունների միջև՝ մատնանշելով նրանց կիրառած մեթոդների՝ ագրեսիայի, օկուպացիայի և պաշարման նմանությունը։

Խամենեին հայտարարել է, որ այսօր Իրանին անհրաժեշտ են այն նույն հատկանիշները, որոնք երկրին օգնել են իրանա-իրաքյան պատերազմի տարիներին՝ հավատ, վճռականություն, ինքնազոհության պատրաստակամություն և տոկունություն։

Նրա համոզմամբ, հենց դրանք են օգնում իրանցի ժողովրդին դիմակայել նրան, ինչն ինքը բնորոշել է որպես «Մեծ սատանայի»՝ ԱՄՆ-ի, տիրապետություն, հանցագործություններ և ագրեսիա։