ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փոլք շրջանի ոստիկանությունը մարդկանց թրաֆիքինգի և երեխաների դեմ սեռական հանցագործությունների դեմ պայքարի յոթօրյա գործողության ընթացքում ձերբակալել է 281 մարդու, հաղորդում է CBS News-ը։

Կասկածյալների թվում են Disney World և Universal Studios զվարճանքի զբոսայգիների 17 աշխատակիցներ, ուրբաթ հայտնել է տեղի ոստիկանությունը։

Շրջանի շերիֆ Գրեյդի Ջադը հայտնել է, որ ձերբակալվածներից 13-ն աշխատել են Disney-ում, ևս չորսը՝ Universal Studios-ում։ Գործողությունն ուղղված էր այն անձանց դեմ, որոնք փորձել են երեխաների հետ անօրինական սեռական կապի մեջ մտնել կամ նման հանդիպումների նպատակով եկել են շրջան։ Իրավապահների տվյալներով, 31 կասկածյալ տարածաշրջան է ժամանել անչափահասի նկատմամբ սեռական հանցագործություն կատարելու նպատակով։

Ջադը հայտնել է, որ ձերբակալվածների թվում կան նաև օրինական ներգաղթային կարգավիճակ չունեցող 32 անձինք։ Նրանցից տասնվեցն արդեն հանձնվել են ԱՄՆ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությանը (ICE)։ Բացի այդ, 24 կասկածյալներ ենթադրյալ հանդիպումներին եկել են հրազենով, իսկ ինը պայմանական ազատ արձակվելուց հետո գտնվել են վերահսկողության ներքո։

Ձերբակալվածների թվում է նաև Davenport Titans մանկական ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչը, որն աշխատում է 11-ից 14 տարեկան երեխաների հետ։ Շերիֆի վկայությամբ, նա պատրաստվում էր հանդիպել 14-ամյա մի աղջկա հետ։ Մեկ այլ կասկածյալ գործող զինծառայող էր ԱՄՆ ռազմածովային ուժերում։

Ջադը պատմել է նաև Disney-ի նախկին աշխատակցի մասին, որն աշխատել է Միկի Մաուսի հագուստով։ Շերիֆը հայտնել է, որ տղամարդու մոտ հայտնաբերել են տակդիրների հետ կապված ֆետիշ և դրանցով լի երկու ուսապարկ։ Disney-ի մեկ այլ աշխատակցի ձերբակալել են, երբ նա եկել է հանդիպելու գաղտնի գործող հետախույզի հետ, որը ներկայացել էր որպես 13-ամյա տղա։ Կասկածյալի մեքենայում եղել է աշխատանքային համազգեստը։

Շերիֆը նշել է, որ Disney-ը համագործակցել է քննության հետ և հայտնել, որ աշխատանքից ազատել է գործողության ընթացքում ձերբակալված բոլոր աշխատակիցներին։