Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները միգրացիոն վերահսկողության համապետական գործողության ընթացքում ձերբակալել են երկրում ապօրինի գտնվող 61 օտարերկրյա քաղաքացու, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Ձերբակալվածների թվում են Թաիլանդի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Հորդանանի, Չինաստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ։

Միգրացիայի դեպարտամենտի տվյալներով, ստուգմամբ պարզվել է, որ օտարերկրացիները խախտել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի պահանջները։

Ձերբակալվածները տեղավորվել են միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ Ներկայումս Վրաստանի իշխանություններն իրականացնում են նրանց՝ երկրից արտաքսելու համար անհրաժեշտ ընթացակարգերը։