Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն արդեն շնորհավորել է Արա Զոհրաբյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Կրոմվել Գրիգորյանը:

«Եթե շնորհավորել եմ, ենթադրելի է, որ ընդունելի են ընտրությունների արդյունքները: Բնական է՝ սպասելի չէր նման արդյունք, եթե ես իմանայի, որ այս արդյունքը կլինի, հաստատ չէի դնի իմ թեկնածությունը: Արդյունքը ինձ համար զարմանալի է»,- նշեց Կրոմվել Գրիգորյանը:

Իսկ թե ինչու այսպես եղավ, գործընկերները նրան անակնկալի բերեցին, փաստաբանն ասաց. «Չեմ կարող ասել, ուղղակի եթե ի սկզբանե իմանայի այդպիսի արդյունք է լինելու, թեկնածությունս չէր դնի»: Միեւնույն ժամանակ, Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ որեւէ նեղացվածություն չկա փաստաբաններից, «սա իրականություն է»:

Դիտարկմանը, թե Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը խորհուրդ էր տվել  թեկնածուներին հաջորդ ընտրություններին եւս առաջադրել թեկնածությունը, Կրոմվել Գրիգորյանն ասաց. «Ռուբեն Սահակյանը թող ինքը իրեն խորհուրդ տա»:

Նշենք, որ հաշվիչ հանձնաժողովն ավարտել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում քվեաթերթիկների հաշվարկը: Նախնական տվյալով՝ հաղթել է Արա Զոհրաբյանը: Նրա օգտին քվեարկել է՝ 713, Տիգրան Աթանեսյանի օգտին՝ 94, Կրոմվել Գրիգորյանին՝ 87 փաստաբան: