Առնվազն 15 մարդ է զոհվել Քենիայի առեւտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, զոհերի թիվը շարունակելու է աճել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով քենիական Կարմիր Խաչին:
«Առնվազն 15 մարդ է զոհվել: Շատ են տուժածները, եւ դա այն է, ինչ մենք արտաքինից տեսնում ենք»,- հայտնել է Կարմիր Խաչի ներկայացուցիչ Աբբաս Հուլեդը: Նրա խոսքով, շինության ներսում փոխհրաձգությունը շարունակվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարձակվողները առեւտրի կենտրոնի 7 այցելուի պատանդ են վերցրել: Ականատեսների տվյալներով, հարձակվողները ազատ են արձակել միայն մահմեդականներին: Ոստիկանության տվյալներով, նրանք փորձել են կողոպտել Westgate կենտրոնի խանութներից մեկը: Անհայտ անձանց մոտ առկա են ինքնաձիգներ ու նռնակներ:
Հիշեցնենք, որ Քենիայում գրոհայինները կրակ են բացել Նայրոբիի Westgate առեւտրի կենտրոնում: Ականատեսները հայտնում էին պայթյունների եւ դաժան փոխհրաձգության մասին:





























