Դավթաշեն եւ Արաբկիր շրջաններում բնակարաններ գնած քաղաքացիներն ընդդեմ «Տոնուս» ՍՊԸ-ի գործով սեպտեմբերի 27-ին կայացած հերթական դատական նիստն այս անգամ եւս հետաձգվեց:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից «գցված»  քաղաքացիներից մեկը` Փափազյան փողոցում կառուցված շենքից բնակարան գնած երգիչ Արթուր Իսպիրյանը:

Նա նշեց, որ նիստին չէր ներկայացել «Տոնուսի» իրավաբանը եւ «Արցախ» բանկի ներկայացուցիչը, իսկ 70-80 բնակիչներ հավաքված 2 ժամ սպասել են: Ըստ որում՝ նիստից բացակայողները նախապես չէին զգուշացրել այդ մասին: Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին:

«Հետո մյուս դատին էլ չի գա, այդպես  ժամանակ են շահում, ինչի համար, չգիտե՞մ, հետաձգում են, չգիտեմ՝ մինչեւ ե՞րբ են այդպես խաղեր խաղալու: Եթե հոկտեմբերի 17-ին էլ ոչինչ չեղավ, բողոքի ցույցները կվերսկսենք, որ ձայնը հաշվի առնեն: Հետաձգելով, մարդկանց պատախան չտալով՝ ո՞ւր կհասնի»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են խաբված: