Սրշակունյաց պողոտայի շենքերից մեկի բակում տեղի ունեցած հրավառության հետեւանքով տուժած 8-ամյա Գեւորգի Թարջումանյանը դեռ հիվանդանոցում է: «Այրվածքների եւ Ճառագայթային բժշկության» կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայր ու որդի իրենց հիվանդանոց են ընդունվել հոկտեմբերի 1-ին: 35-ամյա հայրը՝ Գագիկ Թարջումանյանը, մեկ օր անց դուրս է գրվել, նրա մոտ առկա էին ջերմային այրվածքներ, 1,2,3-րդ աստիճանի այրվածքներ՝ դեմքի, զույգ դաստակների շրջանում:
Իսկ 8-ամյա որդին գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա այրվածքները խորն են, հետեւաբար բժիշկները չեն կարող ասել՝ երբ դուրս կգրվի: Երեխայի մոտ նույնպես առկա են դեմքի ջերմային այրվածքներ, 1,2,3-րդ աստիճանի այրվածք՝ աջ ուսագոտու, բազկի, ձախ սրունքի շրջանում:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սրշակունյաց պողոտայի շենքերից մեկի բակում։ Երեկոյան՝ շենքի բնակիչներից մեկը բակում հրավառութուն է կազմակերպել իր մայրիկի ծննդյան տոնի առթիվ, որն ավարտվել է դժբախտությամբ։ Հրավառության արգասիքը հարվածել է նշված միջոցառման մասնակից մի երեխայի դեմքին եւ շարունակել է այրվել, հայրը փորձել է օգնել, արդյունքում երկուսն էլ այրվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն։ Հարեւանները պատմում էին, որ երկար ժամանակ ոչ մի կերպ չի հաջողվել հանգցնել երեխայի դեմքի կրակը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին այս տեղեկությանը, նշելով, որ Շենգավիթի ոստիկանության բաժին ժամը 22:30-ին այրվածքաբանաթյան կենտրոնից ահագանգ է ստացվել. որ այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս երեխա, որից 5 րոպե հետո նաեւ անչափահասի հայրը։ Հայրը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ երեխան դեռ այրվածքաբանության կենտրոնում է։ Շենգավիթի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում։





























