ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բյուջեի փոխզիջումային նախագծին, որը հնարավորություն է տալիս բարձրացնել պետպարտքի շեմը` այդպիսով խուսափելով տեխնիկական դեֆոլտից, ինչպես նաեւ վերականգնել պետական հաստատությունների աշխատանքը:

Ստորին պալատի 285 ներկայացուցիչներ փաստաթղթի ընդունմանը կողմ են քվեարկել, 144-ը՝ դեմ: Սպիտակ տնից հայտնել են, որ Օբաման կստորագրի օրինագիծը, երբ այն  ուղարկվի նախագահի աշխատակազմ: 

Ավելի վաղ փոխզիջումային փաստաթուղթ էր ընդունել վերին պալատը: 81 սենատոր կողմ էին քվեարկել օրինագծի ընդունմանը:
Սենատում Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներն օրինագծի մանրամասները համաձայնեցրել են ֆինանսների նախարարության կողմից սահմանված վերջնաժամկետի նախօրեին:

Բյուջետային ձեռքբերված փոխզիջումը ժամանակավոր բնույթ  է կրում: Համաձայնեցվել է բյուջեի ֆինանսավորումը մինչեւ 2014թ. հունվարի 15-ը եւ  փոխառություն վերցնելու ժամկետը՝ մինչեւ փետրվարի 7-ը: Դեկտեմբերի 13-ին կոնգրեսմենները պետք է ընդունեն 2014թ. պետական բյուջեն: Այս հարցի համաձայնեցման համար հատուկ հանձնաժողով կստեղծվի, հաղորդում է rbc-ն:

Standard & Poor՝s գործակալությունը հայտնել է, որ ԱՄն-ում պետհաստատությունների ֆինանսավորոմը դադարեցնելն ԱՄՆ-ի տնտեսությանը 24 միլիարդ դոլարի վնաս է հասցրել: S&P-ն նշում է, որ ժամանակավոր որոշումն ԱՄՆ-ին չի ազատի նույն սպառնալիքներից, իսկ սպառողական աշխուժությունը տոների ընթացքում կարող է սպասվածից ցածր լինել, հաղրոդում է «ՌԻԱ Նովոստին»: