Հոլանդիայի ոստիկանությունը պարզել է Հաագայում ռուսաստանցի դիվանագետի տունը թալանած կասկածյալի ինքնությունը: Նա երկրում հայտնի գող-կրկնահանցագործ է եղել: 

Ոստիկաններին վերջինիս հետքի վրա դուրս գալու հարցում օգնել է  ԴՆԹ-ի անալիզը: Հոլանդիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ դա շարքային կողոպուտ է եղել եւ վերջերս Ռուսաստանի եւ Նիդեռլանդների միջեւ դիվանագիտական միջադեպերի հետ կապ չունի, հայտնում է «vesti.ru»-ն:

Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը լրագրողներին հայտնել է, որ  Հաագայում ռուսաստանցու բնակարանը ներխուժածը «ակտիվ հանցագործ» է եղել, իսկ ռուսական դեսպանատան շենքում կատարվածը որակվել էր որպես կողոպուտ, հաղորդում է ՆՏՎ-ն: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան Հաագայում ռուսաստանցի դիվանագետների շենքն էին ներխուժել անհայտ անձինք եւ կողոպտել մի բնակարան: Կողոպուտը տեղի էր ունեցել Ռուսաստանի եւ Նիդեռլանդների միջեւ տեղի ունեցող սկանդալներին զուգահեռ:

Հաագայում թալանել են ռուսաստանցի դիվանագետների շենքը

Սկանդալն  սկսվել էր Հաագայում ռուս դիվանագետին բռնելուց եւ ծեծելուց հետո. Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Դմիտրի Բորոդինը կալանավորվել էր ոստիկանության կողմից, երբ իր հարեւանները հայտնել էին երեխաների հետ նրա դաժան վերաբերմունքի մասին: Ոստիկանները ծեծել էին Բորոդինին եւ բերման ենթարկել` չնայած նրա դիվանագիտական կարգավիճակին: Ավելի ուշ Նիդեռլանդների իշխանությունները  պաշտոնապես ներողություն էին խնդրել դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող աշխատակցին կալանավորելու համար, սակայն չէին պատժել ոստիկաններին:

Հոկտեմբերի 16-ի գիշերը Մոսկվայի իր բնակարանում ծեծի էր ենթարկվել Ռուսաստանում Նիդեռլանդների դեսպանի տեղակալ Օննո Էլդերենբոշը:  Էլեկտրիկներ ներկայացած երկու անհայտ մարդ կապել էին նրան եւ հեռացել բնակարանից` արժեքավոր իրեր չվերցնելով եւ  հայելու վրա «ԼԳՏՊ» մակագրելով: