ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները գաղտնալսել են ֆրանսիայի քաղաքացիների հեռախոսազրույցները: Այս մասին հայտնի է դարձել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի՝ լրագրողներին տրամադրած նյութերից:

Հրատարակչության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում նշվում է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ֆրանսիայի քաղաքացիների 70,3 մլն հեռախոսազրույցներ են լսել: Գաղտնալսումները կատարվել են  2012թ. դեկտեմբերի 10-ից 2013թ. հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում, փոխանցում է«ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Monde թերթը:

Լրտեսության նպատակով  հետեւել էին ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածվողներին, ինչպես նաեւ գործարար շրջանակների նեկայացուցիչներին, քաղաքական գործիչներին եւ ֆրանսիական իշխանությունների ներկայացուցիչներին: Սնոուդենի տրամադրած փաստաթղթերում ասվում է, որ գերգաղտնի PRISM ծրագրի շրջանակներում գոյություն ունի Upstream ծածակագրով մի մեթոդ, որը հնարավորություն է տալիս տեղեկությունը «վերցնել» անմիջապես կապի ստորջրյա մալուխներից: 

«Իրականում Monde թերթի բացահայտումները ցնցող են, եւ առաջիկա ժամերին դրանց կհետեւի ամերիկյան իշխանություններից բացատրություն պահանջելը: Եթե դաշնակից երկիրը լրտեսում է Ֆրանսիային, դա միանգամայն անընդունելի է»,– հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը` Europe 1-ի եթերում: