Մեքսիկայի իշխանությունները որոշել են բանակային ստորաբաժանումներ ուղարկել Միչոական նահանգ, որտեղ վերջին շաբաթներին ինքնապաշտպանական ջոկատները դիմակայում են «Տամպլիերների օրդենի ասպետներ» թմրակարտելի մարտիկներին:
Հաղորդվում է, որ Մեքսիկայի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չանգը տարածաշրջանում գործող կամավորներին՝ հանրային պահակախմբերին, կոչ է արել դադարեցնել ինքնուրույն պայքարը եւ աջակցել զինվորներին: Բացի այդ, նա խոստացել է պատժել կարգադրությունը չկատարողներին, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն:
Իրենց հերթին կամավորների առաջնորդները հայտարարել են, որ զենքն իշխանություններին չեն հանձնի այնքան ժամանակ, քանի դեռ չեն կալանավորվել «Տամպլիերների օրդենի ասպետները»:
Հանրային պահակախմբերը Միչոական նահանգում հայտնվել էին շուրջ մեկ տարի առաջ: Դրանք ստեղծվել էին իշխանության անգործությունից տեղի բնակիչների դժգոհության պատճառով:
Հունվարի 12-ին կամավորները վերահսկողության տակ էին վերցրել Նուեւա Իտալիա քաղաքը՝ զինաթափելով տեղի ոստիկաններին:





























