Ուկրաինայում նոր օրենքների կիրառման առաջին օրը, երբ սահմանափակվեցին հրապարակային ցույցերը, վերածվեց քաոսի ու արյունահեղության: Հունվարի 22-ին երկու ամիս տեւած Եվրամայդանը տվեց առաջին զոհերը. Ոստիկանության ու ցուցարարների միջեւ բախման ֆոնի վրա տեղի ունեցած հրաձգության ընթացքում երկու տղամարդ էր զոհվել: Ցուցարարները պատմում էին, որ տղամարդիկ եվրամայդանի առաջամարտիկներից էին եւ նրանց հասցեին բազմաթիվ լավ խոսքեր էին հնչում՝ էթնիկ հայի ու ծագումով բելառուսցու, գրում է «The Atlantic»-ը:
Առաջին զոհը 21-ամյա Սերգեյ Նիգոյանն էր Ուկրաինայի արեւելքում գտնվող Բերեզնովատովկա փոքրիկ գյուղից՝ Դնեպրոպետրովսկ քաղաքի հարեւանությամբ: Շատերը հունվարի 22-ին նրան անվանեցին «հերոս» եւ «եվրամայդանի առաջին նահատակ»: Մի կին «Facebook»-ում պատմում է նրա հետ հանդիպման մասին, երբ բողոքի ցույցի ժամանակ թեյ էր տարել նրան. «Ի տարբերություն մյուս պահակների, նա չմոտեցավ ինձ, չթողեց իր դիրքը: Ես ինքս մոտեցա նրան եւ երբ թեյը վերցրեց, երախտագիտությամբ համբուրեց ձեռքս»:
Եվրամայդանի շատ կողմանկիցներ տեսանյութ են տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես բողոքի ցույցին կանգնած Նիգոյանը բռունցքը սեղմած կարդում է հատված 19-րդ դարի ուկրաինացի բանաստեղծ ու նկարիչ Տարաս Շեւչենկոյի «Կովկաս» բանստեղծությունից:
Ուկրաինացի ռեժիսոր Սերգեյ Պրոսկուրնյան, ով Շեւչենկոյի 200-ամյակի առթիվ տեսնյութերի շարք էր թողարկել, նշել է, որ իրեն հիացրել էր Նիգոյանի խարիզման. «Նա ոգեւորությամբ համաձայնեց մասնակցել մեր նախագծին: Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ նա հայ էր, ով շատ լավ ուկրաիներեն էր խոսում: Նա կատարեց պրոդյուսերի բոլոր ասածները. «ռոթ ֆրոնտ» շարժումը կատարեց, բռունցքը եւ երկու դրոշ բարձրացրեց՝ հայկական եւ ուկրաինական: Այդ հոլովակը նրան հայտնի դարձրեց, շատերը նկատեցին նրան: Այժմ, ցավոք, դա մեր նախագծի գլխավոր հոլովակն է»,- ասել է Պրոսկուրնյան:
«Նա սիրում էր Հայաստանի եւ Ուկրաինայի պատմությունը»,- ասել է նրա մայրը՝ Վեներան՝ նշելով, որ որդին միշտ դեկտեմբերի 7-ին մոմ էր վառում Հայաստանում 1988թ.-ին տեղի ունեցած Սպիտակի կործանիչ երկրաշարժի հիշատակին: «Ահա այդպիսին էր նա: Նա երբեք Հայաստանում չէր եղել: Բայց երազում էր անձնագիր ստանալ ու գնալ այնտեղ»,- ասել է Նիգոյանի մայրը:




























