Սահմանադրական դատարանը գանձել է 1974թ. հետո ծնված աշխատակիցներից կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը:

«Գանձել ենք զուտ հարկային հաշվետվության համար, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է գումարները պահած հաշվետվություն ներկայացնել»,- ասաց Զավեն Չոփուրյանը:

Մեր դիտարկմանը, թե կան ընկերություններ, որոնք հաշվետվության մեջ ցույց են տվել, բայց գումարներն իրականում չեն պահել, դատարանի աշխատակիցը պատասխանեց. «Չէ, ոնց կարող ենք խաբել»:

Ֆինանսական վարչության պետը հայտնեց, որ պահված գումարները չեն ուղարկվել կամուրջ հաշվին. «Մենք պահել ենք ու մինչեւ մարտի 28-ը կմնան սառեցված: Դրանից հետո որոշումից կախված մենք գումարը կվերադարձնենք, կամ արդեն կփոխանցենք կառավարչին»:

Զավեն Չոփուրյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանում աշխատում է ավելի քան 40 աշխատակից, որոնք ծնվել են 1974թ. հետո:

«Նրանցից ոչ մեկն էլ ֆոնդ չի ընտրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: