2023 թվականին շոգի պատճառով ամբողջ աշխարհում մահացել է ռեկորդային թվով՝ 710 հազար մարդ։ Այս մասին նշվում է «Lancet» գիտական ամսագրի՝ «Lancet-ի հետհաշվարկն առողջապահության և կլիմայի փոփոխության վերաբերյալ» ամենամյա զեկույցում։

«Գնահատականների համաձայն՝ 2023 թվականին շոգի հետ կապված մահացությունը հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի՝ 710 հազար մահվան դեպք ամբողջ աշխարհում, որոնց 71,5%-ը, հավանաբար, պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ»,- ասվում է զեկույցում։

«Lancet»-ի տվյալներով՝ վերջին 11 տարիները դարձել են դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգը։ 2016-2023 թվականներին շոգի պատճառով տարեկան միջինը 540 հազար մարդ է մահացել, ընդ որում՝ դեպքերի 68,4%-ի պատճառը, հավանաբար, եղել է կլիմայի մարդածին փոփոխությունը։ Բարձր ջերմաստիճանների հետ կապված ամենամեծ մահացությունը գրանցվել է մարդկային զարգացման ինդեքսի ցածր մակարդակ ունեցող երկրներում։

Բացի այդ, ըստ հրապարակման, բարձր ջերմաստիճանները 2025 թվականին հանգեցրել են պոտենցիալ 573 միլիարդ մարդ-ժամի և, համապատասխանաբար, 1,07 տրիլիոն դոլարի չափով եկամտի կորստի։ Ամենաշատը տուժել են մարդկային զարգացման ինդեքսի ցածր ու միջին մակարդակ ունեցող երկրները. դրանք կրել են համապատասխանաբար ՀՆԱ-ի 5%-ին և 3,7%-ին համարժեք կորուստներ։

«Lancet»-ի գնահատմամբ՝ աշխարհում ցամաքի ավելի ու ավելի շատ հատվածներ են բախվում ուժեղ երաշտի։ Այսպես, 2006-2015 թվականներին համաշխարհային ցամաքի միջինում 28,4%-ն առնվազն մեկ ամիս ուժեղ երաշտի է ենթարկվել։ 2016-2025 թվականներին այդ ցուցանիշն աճել է մինչև 41,7%, իսկ 2023-ին՝ հասել ռեկորդային 54,9%-ի։

«Lancet-ի հետհաշվարկն առողջապահության և կլիմայի փոփոխության վերաբերյալ» զեկույցն իրենից ներկայացնում է անկախ գնահատական այն բանի, թե ինչպես են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագիրը ստորագրած երկրները կատարում ստանձնած պարտավորությունները։ Զեկույցը կազմվել է միջազգային միջգիտակարգային համագործակցության շրջանակներում և հիմնված է առողջապահության և կլիմայի փոփոխության ոլորտներում առանցքային ցուցանիշների մշտադիտարկման վրա։ Նախաձեռնությունը մեկնարկել է 2016 թվականին։