Այժմ Հայաստանի հաշվեքննիչ պալատի առնվազն երեք անդամ նախկին Վերահսկիչ պալատի կարկառուն ներկայացուցիչներ են։ Եվս մեկը նախկին կառույցից է, որն այնտեղ էր տեղափոխվել Ազգային ժողովից։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստում՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից այդ պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Առուստամյանին։
«Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ նկատի ունեք համակարգային կոռուպցիա ասելով։ Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան էր վերցնում, ուրեմն պետք է նաև ինչ-որ մեկին տար, չէ՞։ Մոտավորապես այդպես էլ ամեն ինչ պետք է տեղի ունեցած լիներ», — ասաց Մանուկյանը։
Նշելով, որ նախկինում Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել մի շարք պետական հիմնարկներում՝ պատգամավորը հետաքրքրվեց, թե այն ժամանակ ինչպիսին էր իրավիճակը։
«Ստացվում է՝ ձեզանից ոչ ոք ոչնչի հետ առնչություն չունի, թեև Վերահսկիչ պալատին և նրա նախագահին ամենից շատ քննադատում էր երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը», — հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև հարցեր ուղղեց Հաշվեքննիչ պալատի նախկին հաշվետվությունների և անձամբ Առուստամյանի համակարգած ստուգման ընթացքում բացահայտված՝ միլիոնավոր դրամների խեղաթյուրումների վերաբերյալ։
Պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք հաշվետվություն նշված միջոցները պետական բյուջե վերադարձնելու մասին։
«Ուզում եմ նաև հասկանալ ձեր հնչեցրած այդ ահասարսուռ թվերը։ Մասնավորապես՝ 21 մլրդ դրամի խեղաթյուրումների կամ Աշտարակ համայնքի վարչակազմում խեղաթյուրումների գումարը 1,1 մլրդ դրամով նվազեցնելու մասին։ Ի՞նչ է նշանակում խեղաթյուրումների գումարի նվազեցում կամ ավելացում։ Դրանով ամեն ինչ ավարտվե՞ց, թե՞ որևէ պաշտոնատար անձի մեղադրանք առաջադրվեց կամ քրեական գործ հարուցվեց», — հարցրեց Մանուկյանը։
Առուստամյանն ի պատասխան պարզաբանեց, որ մեթոդաբանական տեսանկյունից խեղաթյուրումը դեռևս չարաշահում չի նշանակում։ Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի աշխատանքի արդյունավետությունը գնահատվում է ոչ թե պետական բյուջե վերադարձված գումարներով, այլ նրանով, թե աշխատանքի բարելավմանն ուղղված որքան արդյունավետ համակարգային առաջարկություններ են ներկայացվել և ընդունվել պալատի կողմից։
Թեկնածուի պատասխանը, այդուհանդերձ, չբավարարեց պատգամավորին։
«Արձանագրում եմ, որ դուք խուսափեցիք պատասխանել այն հարցին, թե ինչ եղավ 2024 թվականին նախնական հաշվարկով արձանագրված 548 մլն դրամի վնասը։ 2023 թվականի հաշվետվության մեջ նույնպես նշվում էր 222 մլն դրամի վնաս։ Այս տարի ձեր պալատի գործունեությունը հարկատուների վրա արժեցել է 802 մլն դրամ, նախորդ տարի՝ 1,1 մլրդ դրամ։ Եվ ո՞րն է մեր օգուտը։ Հարկատուները հարկեր են վճարում, որպեսզի դուք աշխատեք, հասնեք վնասի փոխհատուցմանը և հաշվետվություն ներկայացնեք, թե որքան գումար է հաջողվել վերադարձնել պետական բյուջե», — նկատեց Մանուկյանը։
Առուստամյանն իր հերթին նշեց, որ ավելի արդյունավետ է համակարգային առաջարկություններ ներկայացնելն ու համակարգային խնդիրներ լուծելը, քան պարզապես պետական բյուջե դրամական միջոցների մուտք ապահովելը։





























