Համաշխարհային բանկը կանխատեսում է պարենամթերքի համաշխարհային գների հետագա աճ՝ հացահատիկի մատակարարումների խափանումների, եղանակային անբարենպաստ պայմանների և վառելիքի ու պարարտանյութերի թանկացման պատճառով, հաղորդում է dpa-ն։

2027 թվականին պարենամթերքը կարող է թանկանալ ևս 7%-ով՝ 2026 թվականին նախորդ տարվա համեմատ ակնկալվող մոտ 10% աճից հետո։

Կազմակերպության կանխատեսմամբ՝ էներգակիրների գներն այս տարի կաճեն գրեթե մեկ երրորդով, սակայն 2027 թվականին կսկսեն նվազել։ Ընդհանուր առմամբ, հումքային ապրանքները 2026 թվականին կարող են թանկանալ 23%-ով, ինչից հետո դրանց գները նույնպես կնվազեն։

Գների աճի հիմնական պատճառներից մեկը դարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը, որը գրեթե դադարեցրել է հումքի փոխադրումները Հորմուզի նեղուցով։ Նույնիսկ հակամարտության մեկնարկից մի քանի ամիս անց ռազմավարական նշանակություն ունեցող այդ երթուղով նավագնացության ծավալը մնում է նախապատերազմյան մակարդակից ցածր։

Համաշխարհային բանկի կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, որ հումքի համաշխարհային մատակարարումների վրա ազդող հակամարտություններն էապես չեն սրվի։ Սակայն կազմակերպությունը նախազգուշացնում է․ էներգակիրները կարող են ավելի շատ թանկանալ, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունն ընդլայնվի, իսկ ռուսական նավթային ենթակառուցվածքներին հասցված վնասի հետևանքները պահպանվեն։

Ռիսկի լրացուցիչ գործոններ կարող են դառնալ էներգիայի՝ սպասվածից բարձր գներն ու Էլ Նինյո եղանակային երևույթի ուժգնացումը։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ այս գործոնների համադրությունը կարող է պարենային ճգնաժամ առաջացնել և ավելացնել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը։

Ծայրահեղ աղքատություն է համարվում օրական 3 դոլարից պակաս գումարով ապրելը։ Կազմակերպության գնահատմամբ՝ ներկայում աշխարհում նման պայմաններում ապրում է մոտ 811 միլիոն մարդ։