Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները կարող են լուրջ վնաս հասցնել գազի միջազգային շուկաներին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ տուժելու են ինչպես մատակարարները, այնպես էլ սպառողները։

«Գազ մատակարարողների, ինչպես նաև սպառողների շրջանում լուրջ մտահոգություն է առաջացնում այն կործանարար ազդեցությունը, որը միջազգային շուկաների վրա կարող է ունենալ Պարսից ծոցում Իսրայելի կողմից հրահրված ցանկացած ռազմական արկածախնդրություն»,- գրել է նա X-ում։

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Իրանի էներգետիկ դիվանագիտությունը «զարգացում է ապրել» երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) 8-րդ գագաթնաժողովի ընթացքում։ Նա հավելել է, որ քննարկումները վերաբերել են «գազի համաշխարհային շուկաներին և էներգետիկ անվտանգությանը»։

Գազ արտահանող երկրների ֆորումը միջկառավարական կազմակերպություն է, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունն ու երկխոսությունը գազ արդյունահանող և արտահանող երկրների միջև, ինչպես նաև նպաստել համաշխարհային գազի շուկայի կայունությանն ու անվտանգությանը։ Ֆորումի նախարարական առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2001 թվականին Թեհրանում։

Գազ արտահանող երկրների ֆորումի կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Իրանը, Ալժիրը, Բոլիվիան, Եգիպտոսը, Հասարակածային Գվինեան, Լիբիան, Նիգերիան, Կատարը, Տրինիդադ և Տոբագոն, Արաբական Միացյալ Էմիրությունները և Վենեսուելան։ Անգոլան, Ադրբեջանը, Իրաքը, Մալայզիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Պերուն և Սենեգալը դիտորդ պետություններ են։

Անդամ երկրներին է պատկանում գազի ապացուցված համաշխարհային պաշարների շուրջ 70%-ը, նրանց բաժին է ընկնում համաշխարհային արդյունահանման 38%-ը, գազի համաշխարհային արտահանման 42%-ը և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտահանման 47%-ը։