Չինաստանը սկսում է կիսասուզվող երկիրան հարթակի կառուցումը, որը կդառնա աշխարհում առաջին շարժական ինքնավար «արհեստական կղզին»։ Ինչպես հայտնում է «South China Morning Post» (SCMP) պարբերականը, այն նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։
Ըստ հրապարակման տվյալների՝ նախագծի գլխավոր մշակող Շանհայի Ցզյաոտուն համալսարանն ավելի քան 2,7 միլիարդ յուանի (405 միլիոն դոլար) արժողությամբ շինարարական պայմանագիր է կնքել մի նավաշինական ընկերության հետ, որը մտնում է Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի (China State Shipbuilding Corporation, CSSC) կազմի մեջ։
Ինչպես նշում է թերթը, խորջրյա և օվկիանոսային արշավախմբերի ժամանակ ավանդական գիտահետազոտական նավերի համար փոթորկոտ քամիների և ուժեղ ալեկոծության պայմաններում հաճախ դժվար է անշարժ մնալ։ Մինչդեռ ստացիոնար ծովային հարթակները, թեև առանձնանում են քամու և ալիքների ազդեցության նկատմամբ բարձր կայունությամբ, զուրկ են սեփական շարժիչներից և չեն կարող տեղաշարժվել՝ ըստ փոփոխվող հետազոտական խնդիրների։ Այսպիսով, նոր հարթակի «հեղափոխականությունը» կայանում է շարժունակության և կայունության համադրման մեջ։
Ակնկալվում է, որ այս «լողացող կղզին» կկարողանա տեղաշարժվել 11 հանգույց (շուրջ 20 կմ/ժ) արագությամբ և միաժամանակ աշխատանքային պայմաններ ապահովել ավելի քան 200 հետազոտողի համար։ Կանխատեսվում է, որ «բոլոր եղանակային պայմաններին հարմարեցված ստացիոնար լողացող հետազոտական համալիրը» կունենա 138 մետր երկարություն և 85 մետր լայնություն, իսկ համալիրի գլխավոր տախտակամածը կտեղակայվի ծովի մակարդակից 45 մետր բարձրության վրա՝ մոտավորապես 15 հարկանի շենքի չափ։ Ինչպես նշում է պարբերականը, հարթակում կգործեն վեց լաբորատորիաներ՝ նախատեսված տարբեր ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար։




























