Աշխարհի բնակչության ամենահարուստ 0,1%-ը՝ մոտ ութ միլիոն մարդ, 400 անգամ ավելի շատ ածխաթթու գազ է արտանետում, քան Երկրի բնակչության ամենաաղքատ կեսը։ Այս մասին հաղորդվում է «Oxfam» միջազգային կազմակերպության զեկույցում։

Կազմակերպության տվյալներով՝ գերհարուստները խորացնում են կլիմայական ճգնաժամը ոչ միայն իրենց ապրելակերպի (այդ թվում՝ մասնավոր ինքնաթիռների օգտագործման), այլև շրջակա միջավայրն աղտոտող ոլորտներում կատարվող ներդրումների հաշվին։ Միևնույն ժամանակ, գլոբալ տաքացման հետևանքներն ավելի շատ հարվածում են ցածր եկամուտ ունեցող մարդկանց. նրանք ավելի քիչ խնայողություններ ունեն, ինչպես նաև անվտանգ վայր տեղափոխվելու կամ ջրհեղեղներից, հրդեհներից և երաշտից հետո իրենց կացարանը վերականգնելու պակաս հնարավորություններ։

«Կլիմայական ճգնաժամը նախևառաջ անհավասարության ճգնաժամ է»,- հայտարարել է «Oxfam America»-ի կլիմայական արդարության հարցերով ավագ խորհրդական Ռեյչել Կառլը։ Նրա խոսքով՝ միլիարդատերերը կարող են պատսպարվել աղետների հետևանքներից, մինչդեռ սովորական մարդիկ ստիպված են հաղթահարել դրանք, թեև շատ ավելի քիչ են նպաստել խնդրի առաջացմանը։

Ընդ որում, գերհարուստների մի մասը շահույթ է ստանում նաև հենց կլիմայական աղետներից։ Զեկույցի համաձայն՝ աղետներից հետո վերականգնման համաշխարհային շուկան մինչև 2029 թվականը կարող է տարեկան 70 միլիարդ դոլարից աճել մինչև 92 միլիարդ դոլարի։ «Oxfam»-ը բացահայտել է 217 ընկերություն, որոնք գումար են վաստակում ինչպես կլիմայական ճգնաժամը խորացնող ոլորտների, այնպես էլ աղետներին նախապատրաստվելու, դրանց հետևանքների վերացման և վերականգնողական աշխատանքների հաշվին։

«Գերհարուստները և նրանց ընկերությունները հրկիզում են մոլորակը, իսկ հետո գումար վաստակում հակահրդեհային սարքավորումների վաճառքից»,- «RTL Nieuws»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Oxfam»-ի ներկայացուցիչ Ժաքլին Պերսոնը։

Կազմակերպության գնահատմամբ՝ մինչև 2050 թվականը կլիմայական ճգնաժամի պատճառով մինչև 1 միլիարդ մարդ կարող է ստիպված լինել լքել իր տունը։ «Oxfam»-ը կոչ է անում կառավարություններին կրճատել ամենահարուստ մարդկանց և ընկերությունների արտանետումները, ուժեղացնել աջակցությունը խոցելի համայնքներին և սահմանափակել կլիմայական աղետներից շահույթ ստանալը։