Ուկրաինայի նախագահն առաջին անգամ ընդունել է ապագա խաղաղ կարգավորման շրջանակներում ոչ միայն իր երկրին, այլև Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը։ Արևմտյան երկրներն ի վերջո կարող են քննարկել նման երաշխիքներ տրամադրելու Մոսկվայի պահանջները, Կիևում լրագրողներին ասել է Վլադիմիր Զելենսկին։ Բայց առաջին հերթին դա պետք է արվի Ուկրաինայի համար, ընդգծել է նա։
Զելենսկու հայտարարությունը հնչել է Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների վերսկսման նախապատրաստության ֆոնին։ Financial Times-ը դա անվանում է Կիևի դիրքորոշման զգալի տեղաշարժ. մինչ այժմ նա և իր արևմտյան դաշնակիցները մերժում էին ՆԱՏՕ-ից իրեն պաշտպանելու Ռուսաստանի պահանջները։ Նման պահանջների կատարումը կհանգեցներ Եվրոպայում անվտանգության ճարտարապետության արմատական վերակառուցմանը։ Եվրոպան այդ պահանջները համարում է Մոսկվայի ազդեցության գոտին վերականգնելու և հարևան երկրների ինքնիշխանությունը խաթարելու փորձ։
«Նախ մենք պետք է լուծենք այս պատերազմի հարցը և միայն դրանից հետո փնտրենք այն հարցերի պատասխանները, որոնք Ռուսաստանը բարձրացնում է՝ ելնելով անվտանգության վերաբերյալ իր հայացքներից ու ակնկալիքներից»,– հայտարարել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Եվրոպան անպայման պետք է մասնակցի հետպատերազմյան կարգավորման շուրջ քննարկումներին. «Մենք կարող ենք ռուսների հետ հայեցակարգային հարցեր քննարկել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Բայց եթե մենք անցնենք անվտանգության երաշխիքների ձևաչափին, և որոշվի, որ դրանց համար կպահանջվի Եվրոպայի մասնակցությունը, ապա Եվրոպան պետք է լինի այդ քննարկումների մի մասը»։
Նույնի մասին Վլադիմիր Պուտինին ասել է նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, որը նախօրեին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ զրուցել էր Կրեմլի ղեկավարի հետ։ Ինչպես բացատրել է Ստյորեն, զրույցի գլխավոր նպատակը Պուտինին եվրոպական դիրքորոշումը փոխանցելն էր. «Մենք կենտրոնացել էինք ապագայի վրա՝ այն բանի, թե ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի այս պատերազմն անվերջ ամիսներով չշարունակվի՝ իր հետ բերելով մարդկային զոհեր... Չեմ կարծում, որ [Պուտինը] կփոխի իր կարծիքը [պատերազմի ավարտի սկզբունքների վերաբերյալ], սակայն մեր դիրքորոշումը նրան շատ հստակ ներկայացվել է։ Ինձ անհանգստացնում է այն, որ այս ուղերձներից որոշները նրան չեն հասնում, երբ նրա հետ խոսում են ամերիկացիները»։
Մոսկվան հայտարարում է Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպացիներին ներգրավելու պատրաստակամության մասին. այդ մասին, մասնավորապես, խոսել է Պուտինի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Բայց իրականում դրա տակ թաքնված է Կրեմլի հին մտադրությունը՝ հասնել ՆԱՏՕ-ի նահանջին մինչև 1997 թվականի սահմանները կամ, առնվազն, զորքերի և սպառազինության դուրսբերմանը Ռուսաստանին սահմանակից դաշինքի երկրներից՝ Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից և Էստոնիայից, վերջերս հայտնել էր «The Telegraph»-ը՝ վկայակոչելով արևմտյան երկրների դիվանագիտական գերատեսչությունների աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Պուտինն Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում հնարավորություն է տեսնում ստիպել ՆԱՏՕ-ին հրաժարվել դեպի արևելք ընդլայնումից և նույնիսկ շրջել այդ գործընթացը։
Նմանատիպ պահանջներ նա առաջադրել էր նաև նախքան ներխուժումը։ Արևմտյան երկրները միանշանակ պատրաստ չեն զիջումների գնալ ռուսական կողմին այս հարցում։
Ինչ վերաբերում է նոյեմբերի սկզբին Աբու Դաբիում կայանալիք հանդիպմանը, ապա դա լինելու է տեխնիկական բանակցություն էսկալացիայի նվազեցման հնարավոր միջոցառումների, այդ թվում՝ էներգետիկ և ծովային զինադադարի, ինչպես նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների քննարկման վերաբերյալ, ասել է Զելենսկին։ Նախագահը, որը Ստյորեի և Ստուբի հետ զրուցել էր Պուտինի հետ նրանց զրույցից առաջ և հետո, ասել է, որ Նորվեգիայի և Ֆինլանդիայի ղեկավարների մոտ տպավորություն է ստեղծվել, թե Մոսկվան «լրջորեն» է վերաբերվում նախատեսված բանակցություններին։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, սակայն, Ստյորեի և Ստուբի զրույցը Պուտինի հետ անվանել է պարզապես «բանակցային գործընթացի մեջ խցկվելու՝ եվրոպացիների ցանկություն»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի տեսնում «Եվրոպայի մոտեցման փոփոխություն. Եվրոպան փաստաթուղթ առ փաստաթուղթ է ընդունում, ելույթ առ ելույթ է ունենում, հայտարարություն առ հայտարարություն է անում՝ դատապարտելով Ռուսաստանին և պահանջելով դադարեցնել ագրեսիան՝ լիովին անտեսելով, թե ինչից է այս ամենը սկսվել»։





























