NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:
Ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մաքսային միության վերաբերյալ եւ այնտեղ հնչած մտքերը:
Միշտ առաջ է պետք նայել, պարոն Քոչարյանն անցյալն է, անդառնալի անցյալը:
Ինչո՞վ եք առհասարակ պայմանավորում երկրորդ նախագահի ակտիվությունը եւ մեկը մյուսին հաջորդող հարցազրույցները: Հնարավոր համարո՞ւմ եք նրա վերադարձը քաղաքականություն ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի միջոցով:
Դա նույնքան է հնարավոր, որքան Ռամզես փարավոնի վերադարձը՝ Լոնդոնի բրիտանական թանգարանում ցուցադրվող տասնյակ մումիաների աջակցությամբ:
Նախորդ շաբաթ տեղի ունեցավ երկու համագումար: Կցանկանայի անդրադառնայիք ԲՀԿ համագումարին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի ելույթին, որտեղ կային քննադատություններ իշխանության հասցեին, սակայն այդպես էլ ԲՀԿ-ն չհայտարարեց իր ընդդիմություն դառնալու մասին:
Մշուշոտ է այն ժողովրդի ապագան, որը կարող է ԲՀԿ-ն կուսակցություն, իսկ պարոն Ծառուկյանին`քաղաքական գործիչ ընկալել: Ուզում եմ հուսալ, որ «մեր կյանքի հիմերն անդունդը չե՛ն ընկել եւ արնոտ միգում չե՛ն ճարճատում», ինչպես Չարենցը կգրեր:
Մյուս համագումարը ԵԿՄ-ինն էր, վարչության անդամ ընտրվեցին բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած անձինք: Սա ինչի՞մասին է վկայում:
Սա նույն մեդալի մյուս երեսն է. ինչո՞ւ պարոն Ծառուկյանը կարող է քաղաքական գործիչ կոչվել, իսկ բանակում չծառայածը կամ ինքնապաշտպանությանը չմասնակցած երկրապահ չկոչվի: Մի՞թե նույնը չէ, որ հայ մշակույթի եւ գիտության մեծերի՝ Կոմիտասի անվան պանթեոնում են ինձ համար հարգելի Կ.Դեմիրճյանի եւ Ա.Մարգարյանի շիրիմները, իսկ երեկ տեղ չճարվեց աշխարհահռչակ Գուրզադյանի համար: Մեր երկրում ամեն բան առայժմ գլխիվայր է: Եվ գլխիվայր է, որովհետեւ մեր ընկալման, մեր գիտակցության մեջ է այդպիսին: Սկսել է պետք մեր գիտակցությանշտկումից:
Կցանկանայի անդրադառնայիք նաեւ ԱԺ այս քառօրյայի ամենաշատ քննարկված միջադեպին՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան-ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյան փոխադարձ վիրավորանքներին: Ի՞նչ է սա, պառլամենտարիզմի նոր մշակո՞ւյթ է, թե՞….:
Նոր չէ, սիրելիս, ես հիշում եմ, թե նույն «պառլամենտարիզմի մշակույթով» ինչպես էին այդ դահլիճում 1996-ին ծեծում Շավարշ Քոչարյանին եւ ժամանակի մյուս ընդդիմադիրներին:Այդպիսի բան տեսած խորհրդարանում կարող էր նույնիսկ հոկտեմբերի 27 լինել: Այնպես որ, Ձեր նշած երկուսին անդրադառնալու հիմքեր չունեմ:
Ինգա Մարտինյան




























