«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, նոյեմբերի 5-ին անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նախորդ մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասը՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրվելը, հանվել է: Նոր մեղադրանքը նախատեսում է ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով: Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտնել էր, որ նախկին մեղադրանքով հանցակազմը բացակայում է:
Նշենք, որ նախաքննությունը շուտով կմոտենա ավարտին:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր:



























