Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հրաժարվում է վերադարձնել իր պաշտպանյալ՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ 2011թ.-ից կալանավորված Արտակ Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխելու դիմաց վճարած 3 մլն դրամի գրավը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Կարապետյանը, որը 2013թ. հոկտեմբերին համաներումով ազատ էր արձակվել:
«Երբ 2011թ. օգոստոսի 9-ին մեզ ձերբակալում են, տասն օր հետո իմ փաստաբան Վարդուհի Էլբակյանն ինձ 3 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակում: Մոտավորապես օգոստոսի 19-20-ին Վարդուհի Էլբակյանն ու ՀԱԿ իրավական համակարգող Արմեն Խաչատրյանը գնում են բանկ եւ վճարում 3 մլն դրամը: Երկու ամիս անց մեր փաստաբանը փոխվում է: Դրանից հետո գիտենք, որ 2014թ.-ին Վերաքննիչ դատարանը մեզ համաներում ազատ արձակեց, մենք դիմեցինք Վճռաբեկ, որ մեզ արդարացնեն, ոչ թե համաներումով ազատ արձակեն: Այդ բողոքն իհարկե մերժվեց, իսկ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն ուժի մեջ մտավ այս տարվա հունվարին: Ես զանգեցի Վարդուհի Էլբակյանին, որ գնա գրավս բանկից հանի ու գումարս վերադարձնի, բայց հրաժարվեց»,- դեպքի մանրամասները պատմեց Արտակը:
Նրա խոսքով՝ Վարդուհի Էլբակյանը սկզբում ասել էր, թե մոտ օրերս կհանի գումարը բանկից, իսկ հետո էլ հայտարարել, թե վերադարձնելու է, բայց միայն մի մասը:
«Ես գիտեմ հստակ, որ դեռ փետրվարին Վարդուհին գումարը բանկից հանել է, բայց հրաժարվում է այն ինձ վերադարձնել: Ասում է, թե ՀԱԿ-ն ինձ գումար է պարտք, դրա համար իմ պարտքը կպահեմ՝ մի քանի հարյուր հազար դրամը, մնացածը քեզ կտամ, բայց ինձ այդպես պետք չէ: Ես ՀԱԿ-ի պարտքի հետ ի՞նչ կապ ունեմ: Ինձ իմ գումարն է պետք»,- ասաց նա:
Արտակ Կարապետյանը հունիսի 5-ին դիմել ՀՀ Փաստաբանների պալատ՝ որպեսզի կարգապահական տույժ կիրառվի փաստաբանի նկատմամբ:
Մինչդեռ փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել, առաջիկայում համապատասխան հայտարարություններով հանդես կգա:
«Ստելը դա իմ կատեգորիան չէ»,- ասաց նա:
Նշենք, որ Արտակ Կարապետյանը եւ ՀԱԿ 6 ակտիվիստներ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Երկարատեւ դատավարությունից հետո առաջին ատյանի դատարանը Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
2013թ. հոկտեմբերին միայն Վերաքննիչ դատարանը համաներումով ազատ էր արձակել ՀԱԿ ակտիվիստներին:





























