«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները պատրաստվում են ավերել Իրաքի հյուսիսում իրենց կողմից գրավված  Մոսուլ քաղաքի բոլոր եկեղեցիները:

Զինված ծայրահեղականները հունիսի 16-ին այս մասին տեղեկացրել են Մոսուլի բնակիչներին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում է, որ այսօրվանից, փաստորեն, հաալածվելու են նաեւ Մոսուլի քրիստոնյաները:

Հիշեցնենք, երեք օր առաջ գրոհայիններն արդեն հարձակվել էին Մոսուլի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա: Իրաքի երկրորդ խոշոր քաղաքում նրանց հայտնվելու հետեւանքով բնակչությունը զանգվածաբար արտագաղթել է Էրբիլ` քրդերի ինքանավարության մայրաքաղաք: 

Այնտեղ էր տեղափոխվել 600 հազար մարդ: Մոսուլում (1,8 միլիոն մարդ) Սադամ Հուսեյնի օրոք քրիստոնյաները կազմում էին բնակչության 30%-ը: Բացի հայերից` այստեղ պատմականորեն բնակվում են նաեւ ասորիներ եւ հնագույն արեւելյան եկեղեցիներին պատկանող  նեստորականներ, հալդեյներ:

Քաղաքում կան մի քանի հին եկեղեցիներ` Պետրոս առաքյալի ХIII դարի տաճարը (Էս-Սէֆա), Թումա առաքյալի VIII դարի եկեղեցին, Թահիրի մենաստանը եւ այլն:

Նշենք, որ ըստ ՀԱԵ-ի թեմի` Իրաքում դեռ մնում է 15-16 հազար հայ, հիմնականում` Բաղդադում, Բասրայում, Քըրքուքում եւ Մոսուլում: