Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը այդպես էլ չի ստացել իր տնից թալանված ողջ ունեցվածքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նապոլեոն Ազիզյանը:

Նա չի էլ հետեւում «Բանդայի» գործով դատավարությանը:

«Ինչի՞ համար պետք է հետաքրքիր լինի, ի՞նչ արին, ոչ մի բան չգտան, չստացանք, թալանեցին, լրիվ ունեցվածքս տարան, փաստորեն գողերը կան, գողոնը՝ չկա»,-ասաց նախկին պատգամավորը: Նա նշեց, որ իր տնից տարված ողջ ունեցվածքից միայն մեկ ֆոտոապարատ են գտել, որտեղ կային իրենց տան նկարները: «Էդ ո՞նց է, էդքան բան են տարել, մի հատ ֆոտոապարատն են գտել: Ես ոչ մեկին չեմ գնացել ասել՝ դու ես, դու չես, ում բռնել էին, բերեցին մեր տան մեջ ցույց տվեց ոնց է մտել, ինչ է տարել, որտեղից է վերցրել գումարը, լրիվ ցույց տվեց, հարց է առաջանում՝ ուր է գողոնը»,-ասաց նախկին պատգամավորը՝ հավելելով, որ կասկած չկա, որ իրավապահները ճիշտ մարդկանց են բռնել, բայց փաստորեն նրանք կարողացել են այդքան թալանածը թաքցնել:

Նապոլեոն Ազիզյանի փոխանցմամբ՝ դատական գործընթացը շոու են դարձրել, մինչդեռ իրենք  տարվա ընթացքում ինչ ձեռք էին բերել, դրանից զրկվել են: «Թանկարժեք նկարներ են տարել, տունը 50 տրվա ընթացքում ինչքան կնունքի, հարսանիքի նվեր էինք ստացել, լրիվ տարել են, նույնիսկ բիժուտերիա են տարել, էդքան դիշովկա մարդիկ են, էդքանի հետ նաեւ ֆոտոապարատ են տարել: Լրիվ թալանեցին էդքան տարվա եղածը, ինչ կար չկար, տարան, 50 տարվա տուն է, ոնց որ առավոտյան արթնանանք ու տեսնենք, որ ոչինչ չունենք: Ես քննիչներին էլ եմ ասել, որ հիմա ինձ օգտագործում եք ձեր համար, գոնե մի բանը գտեք, տվեք, որ ապրենք»,-ասաց նա:

Նախկին պատգամավորն ասաց, որ իհարկե բացահայտումը կարեւոր էր թեկուզ զուտ բարոյական տեսանկյունից, բայց մյուս կողմից էլ ֆինանսապես դա ոչինչ չտվեց, որեւէ բան չստացան իրենց ունեցվածքից:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։