Կաշառք ստանալու պահին ձերբակալված Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանը ավելի քան 30 տարի է՝ աշխատում է համալսարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին համալսարանի լրատվական վարչությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Մկրտիչ Ղուկասյանը մասնագիտությամբ կենսաբան է, նախկին դասավանդում էր նաեւ Մանկավարժական համալսարանում: Իսկ այժմ լինելով կենսաթոշակային տարիքի՝ չէր դասավանդում, ընդունող հանձնաժողովի քարտուղարն էր:
Նրա ձերբակալումը անակնկալ էր նաեւ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:
Ի դեպ, Մանկավարժարական համալսարանում հեռակա ուսուցման փաստաթղթերը ընդունվել են մինչեւ սեպտեմբերի 20-ը, իսկ քննությունները առջեւում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 25-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե Մկրտիչ Ղուկասյանը Երեւան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց՝ վերջինիցս պահանջել եւ ստացել է 1.700 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311/1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:




























