Արարատում երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով վիրավորված Տիգրանն այսօր՝ սեպտեմբերի  27-ինՎերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի Վիրաբուժական բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Արարատի» բ/կ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը:

 Նա նշեց, որ երեկ առաջին անգամ նրան քայլացրել են, վիճակը նորմալ է. որեւէ բարդություն չի եղել:  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատում, սեպտեմբերի 22-ին, վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, որն ավարտվել է նրանցից մեկի մահով: Կռվի ընթացքում երկու 24-ամյա երիտասարդներ՝ Տիգրան եւ Խաչիկ անուններով, ստացել են ազդրերի ու որովայնի շրջանում կտրող ծակող վնասվածքներ:

NEWS.am-ի տեղեկություններով, նրանք տեղափոխվել են Արարատի հիվանդանոց եւ որոշ ժամանակ անց Խաչիկը, որի վնասվածքը ազդրին է եղել, մահացել է: Նրանց վնասվածք պատճառած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի եւ մինչեւ հիմա չեն հայտնաբերվել:

Քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ,  պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով) եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):