Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հրավիրված արտահերթ նիստը բոյկոտել է, քանի որ ոչ իշխանական քառյակը խախտել է պայմանավորվածությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք պայմանավորվեցինք, որ լսումներ սկսենք, բոլոր քաղաքական ուժերով քննարկումներ անցկացնենք, իրենք համաձայնվեցին, գնացին, ուրիշ բան արեցին: Եթե բան ես պայմանավորվում, պետք է պահես, իսկ եթե պահեին, հարցն այլ ընթացք կունենար: Նրանց նպատակը ոչ թե արտահերթի միջոցով արդյունքի հասնելն էր, այլ ցույց տալը, որ ՀՀԿ-ն բոյկոտում է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ արտահերթ նիստին քվորում չի ապահովվել, անհրաժեշտ 66 պատգամավորի փոխարեն գրանցվել է ընդամենը 37-ը, ՀՀԿ-ն բոյկոտել է նիստը: Հիշեցնենք, որ այսօրվա նիստին պետք է քննարկվեր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Շրջանառության հարկի մասին» հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքում:
Նշենք, որ Միքայել Մելքումյանի մշակած՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է շրջանառության հարկին ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան շրջանառությունը 58.35 միլիոն դրամից բարձրացնել մինչեւ 150 միլիոն դրամ։ Եվ երկրորդ՝ նախատեսվում է ներմուծել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կամավորության սկզբունք: Դա նշանակում է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կցանկանան 1% հարկ վճարել եւ շրջանառությունը ցույց տալ, այդպես կաշխատեն, իսկ այն տնտեսվարողները, որոնք կցանկանան աշխատել 3.5% հարկով՝ առանց շրջանառության մասին հարկային մարմնին տեղեկացնելու, այդպես կաշխատեն:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։





























