«Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանի` նոյեմբերի 10-ի հրամանով աշխատանքից հեռացրել է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին:

Վերջինիս տարածած հայտարարության մեջ ասվում է, թե հեռացման փաստաթղթում բացակայում են լուրջ հիմնավորումները: Լեւոն Իգիթյանը Հրաչ Համբարձումյանին փորձում է աշխատանքից հեռացնել վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների ֆոնի վրա: Ի դեպ կեղծ հիմնավորում բերելով աշխատանքի չներկայանալը Հրաչ Համբարձումյանից ոչ բժշկական թուղթ են պահանջել եւ ոչ էլ հաշվի են առել, որ նա այս տարի չի օգտվել օրենքով հասանելի արձակուրդից:

Հիշեցնենք, որ նա ցանկանում է կահույքագործական արհեստանոցի վերածել արվեստի կենտրոնը եւ նրա ճանապարհին կանգնած է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչը: Հրաչի խոսքերով. «Միակ մարդը, ով պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից, դա հենց ինքը Լեւոն Իգիթյանն է, ով մաս մաս քանդում եւ բիզնեսի է վերածում լուսահոգի Հենրիկ Իգիթյանի հիմնած արվեստի կենտրոնը»:

Նշենք, որ Իգիթյանը գործում է առանց պատկան մարմինների թույլտվության եւ արդեն կահույքագործական հաստոցներ է տեղադրել իր ենթակայության ներքո գործող արվեստի դպրոցի կերպարվեստի սրահում: Նման արարքի հետեւանքով առաջացել են լուրջ խոչընդոտներ արվեստանոցում դասերը շարունակելու համար: