Գողության եւ բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանը այսօր՝ նոյեմբերի 17-ին, դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց պատժի սկիզբ համարել 2013թ. սեպտեմբերի 24-ը, երբ Վարագյանը կալանավորվել է։  Վճիռը հրապարակվեց առանց տուժող կողմի մասնակցության:

Դատարանը նրան մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 175 հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 139 հոդվածի 1-ին մասով, 138-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը որոշեց հօգուտ տուժող Ք.Բ.-ի  բռնագանձել 3 մլն 907 հազար 296 ՀՀ դրամ՝որպես նյութական փոխհատուցում:

«Աստված երեխեքիդ դեմը բերի».- վճռի հրապարակումից հետո դատավորին ասաց Էդգար Վարագյանը, որը, հիշեցնենք, մինչեւ վերջ չընդունեց իր մեղավորությունը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը, նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին դիմակավորված մտել է Ք.Բ.-ին պատկանող տուն, զենքի սպառնալիքով կապել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս Է.Ս.-ի ձեռքերը, հափշտակել ոսկյա զարդեր ու 5000 ԱՄՆ դոլար գումար, նաեւ արժեքավոր գույք, ապա հարկադրաբար մորն ու դստերը տեղավորել նրանց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք, որտեղ բեռնախցիկից դուրս բերելով մորը՝ իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, այնուհետեւ բեռնախցիկից դուրս է հանել նրա դստերը և մոր հետ նրան թողնելով դաշտում՝ նրանց ավտոմեքենայով հեռացել է: