Մալազիական AirAsia ավիաընկերության ինքնաթիռը դադարել է պատասխանել Ջակարտայի վերգետնյա ծառայության դիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: Օդանավն իրականացնում էր Սուրաբայա-Սինգապուր չվերթը:

Airbus A320-200 ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 7 անդամներ եւ 155 ուղեւորներ (նրանցից 17-ը երեխաներ են): Ուղեւորներից 149-ն ինդոնեզացիներ են, երեք կորեացի, մեկական սինգապուրցի, մալազիացի եւ բրիտանացի: Առավոտյան ժամը 5:20-ի սահմաններում ինքնաթիռը թռել է ինդոնեզական Սուրաբայա քաղաքից եւ 8:30 պետք է վայրէջք կատարեր Սինգապուրում: Ժամը 7:24 ինքնաթիռի հետ կապը կորել է: Այդ ժամանակ օդանավը գտնվել է Ճավայան ծովի վրա՝ Կալիմանտան եւ Բելիտունգ կղզիների միջեւ:

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Հադի Մուստոֆայի խոսքով, անձնակազմը թույլտվություն է խնդրել թռչել չնախատեսված երթուղով, ապա կապը կորել է, իսկ ինքնաթիռն անհետացել ռադարաներից: