«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի»  եւ նրա ընկերների սպանության գործով ձերբակալվածները Ավան Առինջից են: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներից երկուսը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբյարներն են՝ Կարեն եւ Սուրեն Երեմյանները, ովքեր «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են: Կարեն Երեմյանը Ավան Առինջում հայտնի էր «Թիզ» մականվամբ: Նրա անունը շրջանառվել է նաեւ 2014թ օգոստոսին Ավանում տեղի ունեցած մի միջադեպի ժամանակ: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ նա 3-4 տղաների հետ վիճաբանություն էր ունեցել, եւ Կարեն Երեմյանին դաժան ծեծի էին ենթարկել, ախտորոշվել էր պոլիտրավմա, տեղափոխվել էր հիվանդանոց:

Մեզ հայտնի են դարձել մյուս ձերբակալվածների անունները:  Նրանցից մեկի անունը Նարեկ է, հայտնի է «Ձուկ» մականվամբ, մեկ այլ ձերբակալվածին էլ «Ծյոմ» են ասում: 5-րդ ձերբակալվածը համակարգչային մասնագետ է, ով իր «մասնագիտական» օգնությունն էր ցուցաբերել հետքերը վերացնելուն ու գործը բացահայտելը դժվարացնելուն: Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ ձերբակալվածները քրեական անցյալ ունեն, կապեր են ունեցել հանցավոր աշխարհի հետ, անձամբ «Երրորդմասցի Լյովիկին» եւ նրա ընկերներին սպանողը չեն, բայց օժանադակել են եւ տարատեսակ օգնություն ցուցաբերել: Իրավապահները առայժմ որոնում են սպանության մեջ մեղադրվող Գաստիկին, Ծգլին եւ Տլեին: Մեկ այլ գործի շրջանակներում՝ ապօրինի զենք, զինամթերք կրելու կասկածանքով, ձերբակալված է նաեւ

Ծգլի մտերիմ ընկերը՝ Հարություն Խաչիկյանը, ով ավելի շատ հայտնի է Գաբի մականվամբ: Նա ձերբակալվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Մելիքյանը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: