Առեւանգման համար մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Հրաչյա Գևորգյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին այսօր` մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը՝ նշելով, որ Հրաչյան առողջական խնդիրների պատճառով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Հանրապետական» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` երկկողմանի թոքաբորբ և սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ: Իրավապաշտպանի խոսքով` բուժում ստանալուց հետո նրան կրկին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
«Այդտեղ որևէ բուժում չեն իրականացրել, և նրա վիճակն ավելի է վատացել, որի արդյունքում այժմ նա չի կարողանում խոսել և ինքնուրույն քայլել: Նրան այդ վիճակով տեղափոխել են Նուբարաշեն» ՔԿՀ»,-ասաց Վեզիրյանը:
Հրաչյա Գևորգյանի նկատմամբ վերաբերմունքի մասին «Հելսինկյան ասոցիացիան» ահազանգել է նաև ՄԻՊ արագ արձագանքման խմբին, սակայն դա էլ արդյունք չի տվել. «ՔԿ վարչությունը անտեսում է բոլոր բողոքները, այդ ծանր վիճակում Հրաչյան այժմ գտնվում է «Նուբարաշեն ՔԿՀ»-ի 7-րդ կարանտինային խցում, ինչն անթույլատրելի է: Նրանք չեն ուզում բուժել դատապարտյալին և այդ վիճակում նա երկար չի կարողանա ապրել»:
Նրա խոսքով` Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան ահազանգել է նաև ՔԿ հիմնարկների դիտորդական խմբին, որը այնքան էլ արագ չի արձագանքել իրենց.
«Մենք գոհ չենք դիտորդական խմբի աշխատանքից, նրանց զանգել, ասում ենք Հրաչյային տեղափոխել են «Հանրապետական», այդպես էլ չէին գնացել հիվանդանոց` պատճառաբանելով, որ մենք իրենց միայն «հանրապետական» բառն ենք ասել, «հիվանդանոց» բառը չենք նշել և իրենք չեն իմացել՝ ուր գնան»,-ասաց Վեզիրյանը:
Նշենք, որ Գևորգյան Հրաչյան մեղադրվում է իր ընկերուհու` Նառա Հարությունյանի, և նրա տասնհինգ տարեկան որդու առևանգման մեջ: 2011թ. հոկտեմբերի 18-ին նրան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ջանիբեկյան 28 բնակարանից:
2012 թվականի մարտի 27-ից Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Հրաչյա Գևորգյանի գործը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218, 34-139, 316 և182 հոդվածներով:



























