News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը պատմում է դեսպանատան գործունեության, հայ-լիտվական հարաբերությունների, հայ համայնքի մասին։

Պարո՛ն դեսպան, ներկայացրեք Լիտվայում ՀՀ դեսպանության գործունեության ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Նախ, կցանկանայի վերհիշել մեր նորագույն պատմության մեջ կարեւոր երկու փաստ` Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը (14 օգոստոսի, 1991թ.), եւ առաջին երկիրն էր, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կնքեց միջպետական փաստաթուղթ: Որքան էլ այսօր խորհրդանշական չթվան նշված իրադարձությունները, պետք է ընդգծեմ, որ դրանք ամենեւին պատահական չէին, այլ արտացոլում էին 80-ականների ավարտին եւ 90-ականների սկզբին Հայաստանի եւ Բալթյան երկրների, հատկապես` Լիտվայի ժողովրդավարական ուժերի միջեւ գոյություն ունեցող ռազմավարական համագործակցության, փոխաջակցության եւ պետականության վերականգմանն ուղղված քայլերի համադրման ոգին: Այդ ժամանակաշրջանին վերաբերող շատ հետաքրքիր դրվագներ կան, որոնք, թերեւս, առանձին զրույցի առարկա են:

Այնուհետեւ սկսվեց պետականաշինության եւ միջազգային ներգրավման դժվարին փուլ, որը Լիտվայի եւ իր հարեւաններ Լատվիայի եւ Էստոնիայի պարագայում պսակվեց ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցությամբ, մինչդեռ Հայաստանի ուղին պայմանավորված էր աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական հայտնի մարտահրավերներով եւ սահմանափակումներով: Որպես կանոն, միջպետական հարաբերությունների զարգացումը մեծ չափով կանխորոշվում է արժեքների եւ շահերի համադրությամբ եւ հարաբերակցությամբ, եւ տարբեր ժամանակահատվածներում աշխարհընկալման փոփոխություններն անդրադառնում են նաեւ միջազգային հարթակում երկրների պահվածքի եւ այլ պետությունների հետ օրակարգ ձեւավորելու գործընթացների վրա: Հետեւաբար, երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացումը ու մեր պետական եւ ազգային շահերի ապահովումը ենթադրում են ճիշտ եւ համապարփակ վերլուծության հիման վրա իրատեսական, ճկուն եւ փոխշահավետ ռազմավարության մշակում եւ կենսագործում հյուրընկալ երկրի հետ:

Ինչպես եւ Հայաստանը, Լիտվան բնական համեստ պաշարներով, հետաքրքիր եւ բարդ պատմությամբ փոքր, սակայն ինչպես լիտվացիներն են կատակում, «մեծ հավակնություններով» երկիր է: Եվ իրոք, միայն վերջին 4 տարիների կտրվածքով Լիտվան ապացուցել է, որ փոքր երկիրը կարող է կարեւոր դերակատարություն ստանձնել նաեւ միջազգային հարաբերություններում` դառնալով ԵԱՀԿ-ում (2011թ.) եւ ԵՄ Խորհրդում նախագահող (2013թ.), ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ երկիր (2014-2015թթ.): Միեւնույն ժամանակ, Լիտվան Շվեդիայի, Լեհաստանի, Չեխիայի եւ Բալթյան այլ երկրների հետ համադրում է ԵՄ աշխատանքները Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Հիշեցնեմ, որ 2013թ. նոյեմբերին Վիլնյուսը հյուրընկալեց ԱլԳ 3-րդ գագաթաժողովը: Գտնում եմ, որ Բալթյան տարածաշրջանում Հայաստանի շահերը լավագույնս ապահովելու առումով ճիշտ որոշում էր հենց Վիլնյուսում հիմնել ՀՀ դեսպանությունը, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ 2011թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Նալբանդյանի եւ Աժուբալիսի մասնակցությամբ:

Անցած ժամանակահատվածում կարողացել ենք հաստատել բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսություն: Օրինակի համար նշեմ, որ 2011-2014թթ. ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը 4 պաշտոնական եւ աշխատաքնյին այց է կատարել Վիլնյուս եւ նրա լիտվացի գործընկերները` 3 այց Երեւան: Զուգահեռաբար մենք հետզհետե խորացնում ենք մեր օրակարգը խորհրդարանական, մշակութային, հանրային դիվանագիտության հարթակներում եւ ընդլայնում ենք մեր համագործակցությունը պաշտպանության, անվտանգության, տնտեսական, հումանիտար ոլորտներում` գործնականում նոր բովանդակություն հաղորդելով մեր երկարաժամկետ կապերին:

Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում հայ-լիտվական գործարար շրջանակների միջեւ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ: Ո՞ր ոլորտներում է հայ-լիտվական երկկողմ համագործակցությունը հատկապես ակտիվ:

Արտաքին քաղաքականությունը եւ տնտեսական դիվանագիտությունը փոխկապակցված են, եւ մի շարք երկրներում արտաքին գերատեսչությունները կոչվում են արտաքին հարաբերությունների եւ միջազգային առեւտրի նախարարություններ, ինչն արտացոլում է այն իրականությունը, որ ներկայիս գլոբալիզացված աշխարհում պետությունների միջեւ փոխհարաբերությունները մեծամասամբ եւ նշանակալիորեն պայմանավորված են առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակով: Մեր դիվանագիտության համար էլ, ի թիվս ազգային, քաղաքական եւ անվտանգության հիմնահարցերի, տնտեսական բաղադրիչը օրակարգային է: Յուրաքանչյուր երկրի եւ տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով` մենք փորձում ենք մեր հարաբերական առավելությունների հիման վրա նպաստավոր պայմաններ ձեւավորել կայուն եւ շարունակական առեւտրատնտեսական համագործակցության ծավալման համար:

Հետխորհրդային շրջանում Հայաստանը եւ Բալթյան երկրները կորցրել են երբեմնի ակտիվ տնտեսական կապերը, միմյանց համար դարձել են ոչ ավանդական շուկաներ: Հետեւաբար, դեսպանության համար առաջնային է Հայաստանը վերահաստատել այս տարածաշրջանի գործարար շրջանակների աշխարհագրական քարտեզում: Կարծում եմ` որոշ չափով դա մեզ հաջողվել է: Բերեմ մի քանի օրինակ: Նախ, դեսպանության առաջարկությամբ անցած տարի մայիսից Զարգացման Հայկական գործակալությունը նշանակեց լիտվահայ երիտասարդ տնտեսագետ Ռենա Սարիբեկյանին որպես իր ներկայացուցիչ Լիտվայում, որն իրապես մեծ ծավալի եւ արդյունավետ աշխատանք կատարեց: Անցած տարվա նոյեմբերին Վիլնյուսում, ապա ընթացիք տարվա մարտին եւ հունիսին` Երեւանում, իրականացվեցին երեք բիզնես-ֆորումներ, որոնց ընթացքում ստորագրվեցին 12 հուշագրեր: Օգտվելով առիթից` ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Արդյունաբերողների միությանը եւ Զարգացման հայկական հիմնադրամին մեր նախաձեռնություններին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար: Լիտվացի հեղինակավոր գործարարների համար Հայաստանը սկսում է ընկալվել ինչպես ռազմավարական կարեւորություն ունեցող հարավկովկասյան տարածաշրջանի ամենակազմակերպված պետություն, այնպես էլ, որպես ամենահուսալի եւ հարմար դարպասներ, Արեւմուտքի հետ հետզհետե իր հարաբերությունները բարելավող Իրանի շուկա ներթափանցելու տարանցիկ երկիր:

Ուշագրավ է, որ 2014թ. ԱՊՀ երկրներ լիտվական ապրանքների արտահանման աճի ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Հայաստանի հետ (153%), ընդ որում արտահանումների կառուցվածքային վերլուծությունը վստահություն է ներշնչում, որ առեւտրական փոխանակումներն ունենալու են երկարաժամկետ եւ շարունակական բնույթ: Լիտվացի եւ հայ գործարարները ներկայումս քննարկում են ՏՏ, արեւային էներգիայի, տրանսպորտի եւ հաղորդակցության, մշակման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները:

Մասնավոր հատվածի կողմից փոխադարձ հետաքրքրության աճի խթանման զուգահեռ աշխատանքներ են տարվել նաեւ պետական կառույցների հետ, եւ օրերս ավարտվեց Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ձեւավորման գործընթացը, որի առաջին նիստը ծրագրվում է անցկացնել մինչեւ տարեվերջ: 

Լիտվան առաջին երկիրն էր, որի խորհրդարանում ստեղծվեց ԼՂՀ հետ խորհրդարանական բարեկամության խումբ: Ինչպե՞ս հաջողվեց գրանցել այդ ձեռքբերումը, եւ այդ ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում ներկայումս:

Հարցազրույցի սկզբում նշեցի, որ 80-ականների ավարտին Հայաստանն ու Լիտվան մեկ նավակի մեջ էին` միասին ճանապարհ հարթելով դեպի անկախություն: Ցավոք, 25 տարի անց լիտվական քաղաքական վերնախավի մի մասի համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ընկալումը ենթարկվել է էական, կասեի` աշխարհաքաղաքական փոփոխությունների, որի արդյունքում 2011թ. սկզբին իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչների կողմից Լիտվայի Սեյմասում շրջանառության մեջ դրվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ» բանաձեւի նախագիծը: 2011թ. ավարտին, երբ Վիլնյուսում սկսեց գործել մեր դեսպանությունը, այդ փաստաթղթին, որը կրում էր միակողմանի բնույթ եւ պարունակում էր հայկական կողմի համար անընդունելի դրույթներ, աջակցություն էր հայտնել խորհրդարանի մեծամասնությունը:  Հակառակ մեզ տրված խոստումների, 2012թ. մայիսի 10-ին բանաձեւի նախագիծը մտավ Սեյմասի օրակարգ եւ դրվեց քվեարկության, սակայն չընդունվեց` Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների եւ արտախորհրդարանական ուժերի համակարգված աշխատանքի արդյունքում:

Այդուհանդերձ, տեղեկություններ ստանալով, որ կրկին փորձեր են արվելու օգտագործել խորհրդարանի ամբիոնը հակահայկական բանաձեւերի անցկացման համար, դեսպանությունը նախընտրեց փոխել մարտավարությունը:

2013թ. փետրվարի 26-ին Լիտվայի Սեյմասում կայացավ «Հայաստան-Լիտվա. Հայացք դեպի ոչ վաղ անցյալ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված էր Հայաստանում եւ Լիտվայում ժողովրդավարական շարժումների եւ արցախահայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր մարմնի բազմաթիվ անդամներ, քաղաքական, հասարակական եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Լիտվայի «Սայուդիս» շարժման հիմնադիր անդամներ: Գիտաժողովին, որպես հատուկ հրավիրյալներ, մասնակցեցին եւ ելույթ ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, լուսահոգի Վահան Հովհաննեսյանը: Միջոցառման ավարտին Լիտվայի Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցեց Սեյմասում Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը: Մարտի 14-ին խումբը, որին անդամակցեցին քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ, պաշտոնապես գրանցվեց խորհրդարանում: Խմբի ղեկավարը` Դալիա Կուոդիտեն, եւ հայտնի լրագրող, հրապարակախոս Ռիմվիդաս Վալատկան 2014թ. սեպտեմբերին Արցախում հանդիպել են ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի եւ խորհրդարանի` Լիտվայի հետ բարեկամության խմբի անդամների հետ, քննարկել են տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Այս տարվա մայիսին կայացած ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալում ենք երկխոսության եւ համագործակցության ակտիվացում:

Դուք համատեղության կարգով ՀՀ դեսպանն եք նաեւ Լատվիայում եւ Էստոնիայում: Խոսենք նաեւ հայ-լատվիական եւ հայ-էստոնական հարաբերությունների ներկայիս մակարդակից:

Լատվիայի եւ Էստոնիայի համատեղությունն ունի իր առավելությունը, քանի որ, պարբերաբար այցելելով երկու երկրներ, համապարփակ պատկեր է ստեղծվում տարածաշրջանի երկրների ընդհանրությունների եւ առանձնահատկությունների վերաբերյալ:  Բալթյան երեք երկրներն էլ մեր կարեւոր գործընկերներն են, որոնք ԵՄ անդամներից թերեւս առավել լավ են ճանաչում մեր խնդիրները, մարտահրավերները եւ հնարավորությունները:

Վերջին տարին բնորոշվեց ԵՄ-ում Լատվիայի նախագահության նախապատրաստական աշխատանքներով, որոնք ավարտվեցին Ռիգայում մայիսի 21-22-ը կայացած Արեւելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովով: Ինչպես գիտեք, ՀՀ նախագահը մասնակցեց գագաթաժողովին, ինչպես նաեւ լատվիացի իր գործընկերոջ հետ ունեցավ շատ հետաքրքիր եւ անկեղծ հանդիպում:

Երկու երկրների հետ էլ արձանագրվել է քաղաքական, խորհրդարանական, տնտեսական, ոլորտային այլ ուղղություններով հարաբերությունների զարգացում: Վերջին տարիներին պարբերաբար են դարձել արտգործնախարարների փոխայցելությունները, կանոնավոր բնույթ են ստացել ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցությունները: 2013թ. Ռիգայում կայացավ Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, հաջորդը ծրագրված է այս տարվա երկրորդ կիսամյակում Երեւանում: Ակտիվացել են միջխորհրդարանական կապերը. 2013թ. ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այց կատարեց Լատվիա, 2014թ` Լատվիայի Սաեյմայի երկու փոխխոսնակներն էին գտնվում Երեւանում, իսկ ընթացիք տարվա մարտին ՀՀ ԱԺ փոխնախագահն այցելեց Բալթյան երեք պետություններ: Զուգահեռաբար ամրապնդվում է միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային տարբեր կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում: Հետզհետե ընդլայնում ենք մեր համագործակցությունը այլ ոլորտներում, ինչպիսիք են գիտությունն ու կրթությունը, մշակույթը, առողջապահությունը եւ այլն: Ամփոփելով` կցանկանայի նշել, որ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ դիվանագիտության առումներով Բալթյան տարածաշրջանի հետ մեր ներգրավվածությունը գնալով աճում է, ինչը անխուսափելիորեն նպաստելու է մեր ժողովուրդների միջեւ բարեկամության հետագա ամրապնդմանը:

Անդրադառնանք Բալթյան երկրների հայ համայնքներին` խոսելով դրանց պատմությունից: Ինչպիսի՞ մարտահրավերների հետ են բախվում համայնքներն այսօր:

Հարցազրույցի ֆորմատի սահմանափակումների պատճառով այս անգամ կցանկանամ սահմանափակվել պատմական անդրադարձով Լիտվայում հայերի ներկայության մասին: Առաջին հիշատակումները հայերի մասին վերաբերվում են Լիտվական Մեծ Դքսության ժամանակաշրջանին, երբ այն փաստորեն Եվրոպայի խոշորագույն պետությունն էր` սփռվելով Բալթյան ծովից մինչեւ Սեւ ծովը: Պատմական աղբյուրների համաձայն` լեհ-լիտվական զորքերի հետ միասին հայերից կազմված երկու գունդ է մասնակցել 1410թ. Լիտվայի համար վճռորոշ Ժալգիրիսի (Գրյունվալդի) հայտնի ճակատամարտին: 16-17-րդ դարերում Ռեչ Պոսպոլիտա լեհ-լիտվական միացյալ պետությունում հայերը առանցքային դիրք են ունեցել առեւտրի, ոսկերչության, դերձակության, կաշվեգործության, կոշկակարության ոլորտներում: Վերջերս մի հետաքրքիր փաստաթղթի եմ հանդիպել, ըստ որի այդ շրջանում դատարաններում ընդունված օտար 4 լեզուներից մեկը հայերենն էր: Հետագայում հայերը տրոհվեցին եւ ասիմիլացվեցին, ինչը նաեւ տեղի ունեցավ Լեհաստանի երբեմնի ծաղկուն հայ համայնքի հետ:

Նոր ժամանակներում հայերը սկսել են բնակություն հաստատել Բալթյան երկրներում 20-րդ դարի 50-ական թվականներից։  Որոշ հայ զինվորականներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացել են Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում։ Այստեղ են  հաստատվել նաեւ հայ մասնագետներ ԽՍՀՄ տարբեր քաղաքներից, որոնք ժամանել էին հատուկ աշխատանքային հրավերներով: Ներկայումս երեք երկրներում էլ կան փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքներ։ Ոմանք արդեն 20 տարի գործունեություն են ծավալում որպես գրանցված համայնքներ։

Գերակշռող մեծամասնությամբ համայնքները կազմված են Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներից։ Նոր ալիքը  եկել է 1990- ականներին։

Դեսպանության եւ հայ համայնքների համար այս կարճ ժամանակահատվածը փոխճանաչման, փոխգործակցության եւ ծրագրերի հստակեցման տարիներ էին։ Ուրախ եմ, որ կան նաեւ անհատներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Հայաստանը: Հայկական համայնքները, չնայած փոքրաթիվ եւ համեմատաբար նոր են, այս երկրներում շատ դրական կերպար են ստեղծել հայերիս մասին։

Ինչպես եւ ամենուր, այնպես էլ Բալթյան տարածաշրջանում նույնպես համայնքների համար ամենամեծ մարտահրավերը ինքնության պահպանումն է: Այդ իմաստով կարեւոր է նաեւ մեր եկեղեցու ներկայությունը, որի հոգեւոր հովիվ տեր Խոսրով Ստեփանյանը սպասարկում է մեր երեք համայնքների հավատացյալներին:

Սռանձնահատուկ կցանկանայի նշել Էստոնիայի մեր հայ համայնքի եւ նրա ղեկավար Ռազմիկ Իվանյանի հայրենանվեր գործունեությունը: Որպես եզրակացություն` կցանկանայի նշել, որ այս փոքրաթիվ եւ նոր համայնքներում 4 տարիների ընթացքում որոշակի փորձ ենք ձեռք բերել, որը կարող է ուսանելի եւ օգտակար լինել ավանդական մեր համայնքների համար։

Ապրիլին ու նաեւ ողջ տարվա ընթացքում նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Որո՞նք են այդ կապակցությամբ մինչ այժմ երեք հանրապետություններում կայացած հիմնական միջոցառումները, եւ ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսվում առաջիկայում:

Դեռեւս 2014թ. հունվարին դեսպանությունը նախաձեռնեց բալթյան երեք երկրների հայ համանքների հավաք Վիլնյուսում, որի արդյունքում ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման կազմակերպման տարածաշրջանային հանձնաժողով: Ըստ էության, ոգեկոչման միջոցառումները սկսեցին արդեն իսկ 2014թ. եւ շարունակվում են մինչեւ օրս: Շատ ամփոփ ներկայացնեմ կատարված հիմնական աշխատանքը:

Եկեղեցական արարողություններ.

-Ապրիլի 24-ին Վիլնյուսի Մայր Տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագ, որը մատուցեցին Լիտվայի Արքեպիսկոպոս, Ն.Գ. Գերաշնորհ Գինտառաս Գրուշասը եւ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, Ն.Գ. Գերաշնորհ Պեդրո Լոպես Կինտանան: Արարողությանը հատուկ հրավիրյալի կարգավիճակով ներկա էր նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Ահարոն Վարդապետ Շահվերդյանը:

Պատարագը ուղեկցվեց հայ հոգեւոր երաժշտությամբ, որը կատարեց Հայաստանից ժամանած «Հովեր» երգչախումբը: Պատարագին ներկա էին անկախ Լիտվայի առաջին ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսը, Լիտվայի Սեյմասի, կառավարության, Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, կրոնական հարանվանությունների, «Սայուդիսի», ազգային փոքրամասնությունների, հասարակական, մտավորական եւ լրագրական, ինչպես նաեւ Լիտվայի հայ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ:

- Սուրբ պատարագ է մատուցվել նաեւ Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:

Ցույցեր

Բալթյան երեք երկրներում էլ հայ համայնքների ներկայացուցիչները ապրիլի 24-ին կազմակերպել էին ցույցեր տարբեր քաղաքներում:

Համերգներ

- Մարտի 12-ին Տալլինի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ դեսպանությունը եւ Էստոնիայի հայ համայնքը «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի շրջանակներում կազմակերպել էին դասական համերգ Էստոնիայի հանրահայտ «Հորտուս Մուզիկուս» տղամարդկանց պետական երգչախմբի կատարմամբ:

- Ապրիլի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կաունասում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որին մասնակցեցին լիտվացի հայտնի դիրիժոր Յուոզաս Դոմարկասի ղեկավարությամբ Կաունասի Սիմֆոնիկ նվագախումբը եւ հատուկ հրավիրված մենակատարներ՝ ջութակահար Հայկ Կազազյանը (Հայաստան), շեփորահար Թոմաս Կրիչյուսը (Լիտվա) եւ տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Հայաստան):

- Ապրիլի 24-ին Ռիգայի Ազգային փոքրամասնությունների ընկերակցությունում տեղի ունեցավ հանդիսավոր համերգ, որը կազմակերպել էր Լատվիայի Ազգային փոքրամասնությունների նախագահ, պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը:

Խաչքարերի զետեղում

- 2014թ. սեպտեմբերի 22-ին Էստոնիայի հայ համայնքի կազմակերպմամբ Հաապսալու քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի եւ ցեղասպանությունից հայ որբերին փրկած էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը:

- 2015թ. ապրիլի 18-ին Լիտվայի Կլայպեդա քաղաքի Հուշարձանների այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծման արարողությունը: Խաչքարը հայ համայնքի նվերն էր Կլայպեդա քաղաքին:

Ցուցահանդեսներ

Մարտին Էստոնիայի եւ Լատվիայի Ազգային գրադարաններում եւ Լիտվայի Ցեղասպանության թանգարանում Հայաստանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը եւ ՀՀ դեսպանությունը կազմակերպեցին «Հայոց ցեղասպանությունը  համաշխարհային մամուլի առաջին էջերում» ցուցահանդեսը:

Գրքերի շնորհանդես

- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում 2014թ. ապրիլի 24-ին Վիլնյուսում կամակերպվել էր Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի լիտվերեն թարգմանության շնորհանդեսը:

- Հունիսի 10-ին Ռիգայի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Քրիս Բոխջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի լատիշերեն թարգմանության գրքի շնորհանդեսը:

Հավելեմ, որ չնայած Բալթյան երկրներից միայն Լիտվան է 2005թ. ճանաչել Հայոց ցեղասպանությունը` այդուհանդերձ, երեք երկրներն էլ խորհրդարանական պատվիրակություններով մասնակցեցին ապրիլի 23-24-ին Հայաստանում կայացած ոգեկոչման պաշտոնական միջոցառումներին:

Դիվանագետի աշխատանքում նրա անբաժան ուղեկիցներն են ընտանիքի անդամները: Պատմեք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Իմ մի շարք գործընկերների նման, ընտանիքիս ձեւավորումը կապված է մեր նախարարության հետ, որտեղ եւ ծանոթացել եմ կնոջս` Գայանեի հետ: Որդիս` Միքայելը, շուտով կդառնա 15 տարեկան: Չեմ կարող չնշել, որպես ընտանիքի անբաժան մասն ու մշտական ուղեկիցը, մեր շանը` Յոկոյին, որի հետ արդեն 10 տարուց ավել կիսում ենք կյանքի ուրախ եւ տխուր պահերը:

Այս հարցն ուղղում ենք խորագրի շրջանակներում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Համաձայն եմ, որ դիվանագիտությունը, նախեւառաջ, մասնագիտություն է: Եվ ինչպես  այլ մասնագիտությունների պարագայում, առաջին հերթին, անհրաժեշտ է համապատասխան գիտելիքներ ձեռք բերել, որոնք հետագայում կհարստացվեն աշխատանքային փորձով: Մեր մասնագիտությունը տարբեր սահմանումներ ունի, որոնցից կընտրեի հետեւյալը. «Դիվանագիտությունը հնարավորի արվեստ է»: Ապագա հայ դիվանագետների համար, թերեւս, կարելի էր ասել. «Ձգտեք նաեւ հասնել անհնարինին»:

Արա Այվազյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին Երեւանում:

Կրթություն

1976-1986թթ. Երեւանի No.8 Պուշկինի անվան դպրոց

1986-1993թթ. ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին

1993թ. Հայկազյան համալսարանական քոլեջ (Բեյրութ, Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ

1987-1989թթ. Ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում:

Աշխատանք

1994թ.-ից սշխատում է ՀՀ ԱԳՆ համակարգում

1995թ. ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության կցորդ,

1996թ. ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության երրորդ քարտուղար

1996-1997թթ. Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

1997թ. ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ

1998թ. ԱԳՆ Քարտուղարության պետ

1999-2006թթ. Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ դեսպան  (նստավայրը` Բուենոս Այրես)

2006թ. ԱԳ Նախարարի աշխատակազմի խորհրդական

2006-2011թթ. Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ դեսպան (նստավայրը` Երեւան)

2011թ. հոկտեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ դեսպան Լիտվայի Հանրապետությունում (նստավայրը` Վիլնյուս):

2012թ. մարտի 23-ին համատեղությամբ նշանակվել է ՀՀ դեսպան Էստոնիայի Հանրապետությունում եւ Լատվիայի Հանրապետությունում (նստավայրը` Վիլնյուս)

Պարգեւատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Մայիսյան Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով եւ ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:

Ունի Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Տիրապետում է անգլերեն, իսպաներեն եւ ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ