News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը պատմում է դեսպանատան գործունեության, հայ-լիբանանյան հարաբերությունների, հայ համայնքի մասին։

Պարո՛ն դեսպան, ներկայացրեց Լիբանանում ՀՀ դեսպանության գործունեությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Լիբանանում ՀՀ դեսպանության գործունեությունը բազմաբնույթ է: Այն ներառում է հետեւյալ ուղղությունները. երկկողմ բարեկամական  հարաբերությունների զարգացում եւ ընդլայնում քաղաքական, առեւտրատնտեսական, զբոսաշրջության, ռազմական, մշակութային եւ այլ ոլորտներում՝ աշխատանքային հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ԱԳՆ-ում, այլ գերատեսչություններում, ինչպես նաեւ խորհրդարանում, բարձրաստիճան պատվիրակությունների այցերի, առեւտրատնտեսական, մշակութային միջոցառումների կազմակերպում: Մասնակցություն պետական, կառավարական եւ համայնքային կառույցների կողմից կազմակերպվող կարեւոր միջոցառումներին՝ ազգային տոներ, ընդունելություններ, խորհրդաժողովներ, փառատոններ, համերգներ, ցուցահանդեսներ: Աջակցություն Հայաստան մեկնող եւ Հայաստանից ժամանող պատվիրակություններին: Սերտ համագործակցություն Լիբանանում հավատարմագրված դեսպանությունների եւ միջազգային կամակերպությունների հետ: Ամենօրյա աշխատանք լիբանանահայ համայնքի բոլոր ազգային կառույցների, լրատվամիջոցների հետ: Հյուպատոսական մեծածավալ աշխատանք:      

Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում հայ-լիբանանյան գործարար շրջանակների միջեւ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ:

Առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը Հայաստանի եւ Լիբանանի միջեւ կենսական անհրաժեշտություն է` հաշվի առնելով երկրների աշխարհագրական դիրքը եւ ավանդական բարեկամական հարաբերությունները: Պարբերական հանդիպումներ են տեղի ունենում Բեյրութի եւ Լեռնային Լիբանանի առեւտրի, արդյունաբերության եւ գյուղատնտեսության պալատի ղեկավարների եւ պաշտոնյաների, առեւտրատնտեսական բնույթի ասոցիացիաների, միությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ անհատ գործարաների հետ, որոնց հետ քննարկվում են համագործակցության հնարավորություններն ու ներդրումային ծրագրերի մանրամասները:

Լիբանանյան կողմի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Բեյրութում ՀՀ արդյունաբերական եւ առեւտրական ընկերությունների ապրանքների ցուցահանդես կազմակերպելու մասին: Աշխատանքներ են տարվում նաեւ միջկառավարական նիստի անցկացման ուղղությամբ:

Ո՞ր ոլորտներում է հայ-լիբանանյան երկկողմ համագործակցությունը հատկապես ակտիվ:

Ավանդաբար հայ-լիբանանյան հարաբերություններն աչքի են ընկել բարձր մակարդակով: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ: Երկու բարեկամական երկրները, հնարավորությունների սահմաններում, աջակցում են միմյանց միջազգային կառույցներում Հայաստանի եւ Լիբանանի համար կենսական եւ կարեւոր հարցերում: Անցած տարիների փորձը ապացուցել է բարեկամական կեցվածքի փոխշահավետությունը, ինչպես նաեւ շարունակականության եւ հետագա խորացման անհրաժեշտությունը:

Քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի պահպանմանը եւ զարգացմանը մեծապես նպաստեցին 2011-2012թթ. տեղի ունեցած Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի Հայաստան եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Լիբանան կատարած պաշտոնական այցերը:

Քաղաքական երկխոսությունը շարունակվում է արտգործնախարարների մակարդակով: Մեկ ամիս առաջ Բեյրութում պաշտոնական այցով էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով հանդիպումներ ունեցավ Լիբանանի ղեկավարության եւ իր պաշտոնակցի՝ ԱԳ եւ էմիգրանտների նախարար Ջըբրան Բասիլի հետ: Ի դեպ, վերջինիս գլխավորած կառավարական պատվիրակությունն ապրիլի 24-ին Երեւանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ:

Առկա քաղաքական բարձր մակարդակի գործակցությանը վերջին տարիներին գումարվում է գործարար շրջանակների փոխադարձ հետաքրքրությունը, որն աստիճանաբար բերում է ներդրումների ավելացմանը (շինարարության, անշարժ գույքին առնչվող գործառույթներ, արդյունաբերական ձեռնարկությունների հիմնում, նաեւ փոքր եւ միջին բիզնես` ռեստորաններ, տարաբնույթ խանութներ եւ այլն): Ներկայումս Հայաստանում լիբանանյան կապիտալի մասնակցությամբ գործում են շուրջ 100՝  հիմնականում փոքր եւ միջին համատեղ ձեռնարկություններ:

Հուսադրող է լիբանանյան խոշոր բանկերի եւ նրանց հետ համագործակցող, մասնավորապես` ապահովագրական եւ անշարժ գույքի բնագավառներում մասնագիտացող ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ: Վերջին տարիների ընթացքում ակտիվ գործունեություն են ծավալել Վիվասելը, «Byblos Bank»‑ը եւ «Credit Bank»-ը, «Ղարաբաղ Տելեկոմ»-ը,«Royal Armenia»-ն: 2011թ.-ից գործում է Լիբանան-Հայաստան բարեկամության  ասոցիացիան: Ակտիվ են հայ ոսկերիչների միության, ԼՂՀ-ի տարածքում բնակարանաշինության եւ գյուղոլորտներում ծրագրեր իրականացնող «ARI» ծրագրի անդամները, անհատ ձեռներեցները:

Հայաստանում բացվում են նոր սրճարանային ցանցեր, կառուցվում են բնակելի շենքեր, թեթեւ արդյունաբերության ոլորտում զանազան մանր եւ միջին արտադրամասեր, տուրիստական գրասենյակներ, սուպերմարկետներ եւ խանութներ, ճաշարաններ եւ ռեստորաններ: Լիբանանյան «Gardenia Lebanese Farms L.L.C.» ընկերությունը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում: Եղվարդում իրականացվող ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց Հայաստանում մայիսի 30-ին: Լիբանանյան «Սանետեկ» ընկերությունը ներգրավված է Երեւան քաղաքի աղբահավաքման աշխատանքներում:

Տարվում են աշխատանքներ զբոսաշրջության խթանման ուղղությամբ: Զբոսաշրջության զարգացմանը նպաստում են «MEA» ավիաընկերության Բեյրութ-Երեւան-Բեյրութ ուղիղ չվերթները: Ամառային սեզոնին իրականացվում էին 3 չվերթներ: Անցած տարի Հայաստան եւ Լիբանան այցելեցին լիբանանյան եւ հայկական  տուրօպերատորներից եւ լրագրողներից բաղկացած պատվիրակություններ, որոնք այցելեցին տուրիստական կենտրոններ եւ ծանոթացան մատուցվող ծառայություններին:

Շարունակվում է արդյունավետ համագործակցությունը մշակույթի եւ կրթության ոլորտներու

մ: Երկու տարի անընդմեջ` փետրվար-մարտ ամիսներին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մասնակցել է «Ալ-Բուստան» միջազգային երաժշտական փառատոնին: Երեւանի կամերային երգչախումբը ապրիլին մասնակցել է հոգեւոր երաժշտության երգչախմբերի Լիբանանի միջազգային փառատոնին: Համերգներից երկուսը նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Օգոստոսին մեկ այլ փառատոնին՝ Բեյթեդինի արվեստի միջազգային փառատոնին, մասնակցելու է ՀՀ պետական փիլհարմոնիկ նվագախումբը:

ԵՊՀ սփյուռքի հետազոտությունների կենտրոնը Համազգայինի հետ կնքել է փոխըմբռնման հուշագիր՝ հայագիտության ոլորտում հեռաուսուցման դասընթացներ անցկացնելու վերաբերյալ: Նույնանման հուշագիր է ստորագրվել նաեւ հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի հետ:

Համազգայինի հերթական համագումարի ընթացքում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ԵՊՀ-ի եւ Համազգայինի եւ սփյուռքի նախարարության եւ Համազգայինի միջեւ: Շարունակվել է սերտ համագործակցությունը Հայկազյանի եւ Երեւանի պետհամալսարանի միջեւ, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Լիբանանի համալսարանի ռեկտորի` Հայաստան նախատեսվող այցի վերաբերյալ: Փոխընբռնման հուշագիր է ստորագրվել նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի եւ «Բարսեղ Կանաչյան» երաժշտական դպրոցի միջեւ:

Համագործակցություն քաղաքապետարանների միջեւ: Երեւանը եւ Բեյրութը քույր քաղաքներ են: Մի քանի տարի է, ինչ Երեւանի քաղաքապետի հրավերով Բեյրութի քաղաքապետարանի խորհրդի անդամները, իսկ 2012թ. Բեյրութի քաղաքապետը մասնակցել են Երեւան քաղաքի տոնակատարությանը:

Վերջին տարվա ընթացքում ակտիվացել է համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում: 2014թ. նոյեմբերի 26-ին Լիբանան է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը, որն իտալական զորախմբի հրամանատարության կազմում մասնակցում է «Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը: Այս տարի` ապրիլին, Լիբանանում պաշտոնական այցով էր գտնվում ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հանդիպումներ ունեցավ երկրի վարչապետի եւ պաշպանության նախարարի հետ, այցելեց մեր խաղաղապահներին: Փետրվարին եւ հունիսին տեղի ունեցան Լիբանանի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ռազմական պատվիրակությունների փոխայցելություններ: Արդյունքում ստորագրվեց ռազմական համագործակցության մասին ծրագիր:

ՀՀ ԱԺ եւ Լիբանանի ԱԺ նախագահների փոխայցելությունները՝ 2010թ. եւ  2011թ., նոր խթան հանդիսացան խորհրդարանական համագործակցության զարգացման համար: Ապրիլի 23-24-ին Լիբանանի խորհրդարանի պատվիրակությունը Երեւանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքացու անձնագիր առաջին անգամ կարող են ստանալ նաեւ Լիբանանում: Արդյո՞ք շատ լիբանանահայեր են մինչ այժմ դիմել` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Շաբաթը երկու անգամ ՀՀ դեսպանությունում կազմակերպվում է ՀՀ նոր քաղաքացիների անձնագրերի հանձնման պաշտոնական արարողություն: Անձնագրերը հանձնվում են ոչ միայն լիբանանահայերին, այլեւ սիրիահայերին եւ իրաքահայերին: ՀՀ քաղաքացիության համար դիմողների թիվն անցել է 14000-ից:  

Լիբանանի հարեւան Սիրիայում շարունակվում է պատերազմական իրավիճակ տիրել: Արդյո՞ք  չկա վտանգ, որ Լիբանանում եւս ծայրահեղական ուժերի կողմից ներքաղաքական կայունությունը կարող է խաթարվել:

Լիբանանում այսօր պահպանվում են մարտահրավերներն ու վտանգները, որոնք պայմանավորված են հարեւան Սիրիայում տեղի ունեցող զարգացումներով: Վերջին 3 տարիների ընթացքում Լիբանանը լրջորեն տուժել է սիրիական ճգնաժամի պատճառով: Մի շարք ցուցիչներով ներկայիս իրավիճակը համարվում է ամենածանր հումանիտար ճգնաժամն ամբողջ պատմության ընթացքում: Այն հսկայական բեռ է հարուստ ռեսուրսներ եւ համապատասխան ենթակառուցվածքներ չունեցող Լիբանանի համար: Սիրիացի փախստականների թիվը հասնում է մոտ 1.5 միլիոնի: Երկրի անվտանգության եւ քաղաքական կայունության ապահովումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով` նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում, բանակի հզորացում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու նպատակով, սիրիացի փախստականների խնդիրների անհապաղ լուծում: Վերջին շրջանում անվտանգության ոլորտում որոշակի հաջողություններ արձանագրվեցին` ի շնորհիվ ձեռնարկված աննախադեպ անվտանգության միջոցառումների եւ ստացված ֆինանսական ու ռազմատեխնիկական օժանդակության:

Անդրադառնանք ավանդական հայկական սփյուռքի ամենածաղկուն համայնքներից մեկին` Լիբանանի հայ համայնքին: Ինչպիսի՞ մարտահրավերների հետ է բախվում համայնքն այսօր:

Վերջին շրջանում՝ տարածաշրջանային զարգացումների ենթատեքստում,  նկատվում է անհանգստություն եւ մտահոգություն ինչպես լիբանանահայ համայնքի, այնպես էլ  Լիբանանի ողջ հասարակության շրջանակներում: Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է աշխարհում: Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները շատ կարճ ժամանակահատվածում Լիբանանում ստեղծեցին ծաղկուն հայկական գաղթօջախ բազմազան եւ բազմաբնույթ ենթակառուցվածքներով` եկեղեցիներով, վանքերով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեգործական կառույցներով եւ աճեցրին հայախոս ու հայրենասեր նոր սերունդներ: Հայերը Լիբանանի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ կարողացան պահպանել հարուստ ազգային մշակույթն ու արժեքները եւ իրենց աշխատասիրության եւ տաղանդի շնորհիվ շոշափելի ներդրում ունեցան Լիբանանի զարգացման եւ բարգավաճման գործում: Լիբանանը հայ եկեղեցական խոշորագույն կենտրոններից է: Լիբանանում են գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի եւ Մերձավոր Արեւելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերը:

Լիբանանահայությունը հիմնականում բնակվում է Բեյրութի Բուրջ Համուդ եւ Հաճն թաղամասերում, Լեռնալիբանանում, լիբանանա-սիրիական սահմանի մոտ գտնվող Այնճար գյուղում, երկրի այլ շրջաններում:

Այսօր լիբանանահայությունն իր ուրույն դերակատարությամբ եւ ներուժով հանդիսանում է երկու բարեկամ երկրները` Հայաստանը եւ Լիբանանը միացնող ամուր եւ հուսալի կամուրջ: Լիբանանահայ համայնքը շարունակում է իր գործնական դերակատարությունը երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային ոլորտներում` պատվով դուրս գալով բոլոր փորձություններից: Կառավարությունում համայնքը ներկայացված է մեկ հայազգի նախարարով, իսկ խորհրդարանում 6 պատգամավորներով:

Հայաստանը դառնում է ավելի հրապուրիչ ներդրումների եւ հնարավոր ծրագրերի իրականացման առումով: Ավելացել է լիբանանահայերի այցելությունները Հայաստան եւ Արցախ: Լիբանանահայությունը չափազանց մեծ եւ նեկայացուցչական պատվիրակություններով մասնակցում է պետական եւ կառավարական մակարդակով Հայաստանում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներին:

Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Որո՞նք են այդ կապակցությամբ մինչ այժմ Լիբանանում կայացած ամենակարեւոր միջոցառումները, եւ ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսվում առաջիկայում:

Լիբանանի խորհրդարանը 1997թ. ապրիլի 3-ին ընդունել է բանաձեւ «Ապրիլի 24-ը հայ ժողովրդի դեմ գործադրված ջարդերի արհավիրքի հիշատակի օր հայտարարելու վերաբերյալ», իսկ 2000թ. մայիսի 17-ին բանաձեւ, որով դատապարտվում է Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի կոտորածը: Լիբանանը մերձավորարեւելյան միակ երկիրն է, որի օրենսդիր մարմինը նման բանաձեւ է ընդունել: Լիբանանյան իշխանություները երբեք չեն խոչընդոտել, հակառակը` աջակցել են հայ համայնքին ամեն տարի Բեյրութում ապրիլ ամսին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացման գործում:

Ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն իրենց կազմակերպվածությամբ եւ զանգվածային մասնակցությամբ աննախադեպ են եւ անցնում են բարձր մակարդակով:  Լիբանանում տարվա սկզբից կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ՝  նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Անհրաժեշտ եմ համարում նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի հետ սերտ եւ արդյունավետ համագործակցության կարեւորությունը, որի արդյունքում հնարավոր եղավ կյանքի կոչել տարբեր նախագծեր: Հայկազյան համալսարանում եւ Զմառի միաբանության վանքում հունվար-փետրվար ամսիներին կազմակերպվեցին ներկայացուցչական միջազգային համաժողովներ: Մարտ ամսին ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց երախտագիտության երեկո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Լիբանանում հավատարմագրված տասնյակ երկրների դեսպանների, Լիբանանի կառավարության եւ խորհրդարանի անդամների մասնակցությամբ: Մարտ-մայիս ամիսներին անցկացվեցին  ոգեկոչման եւ հսկման երեկոներ, համաժողովներ, կլոր սեղաններ, դասախոսություններ խաչքարի զետեղման արարողություններ եւ հանդիպումներ Լիբանանի քաղաքական կուսակցությունների, «Կասլիկ», «USEK», «NDU» համալսարանների, ազգային կառույցների, երիտասարդական, հայրենակցական եւ մշակութային միությունների նախաձեռնությամբ: Ապրիլի 20-ին Սրբոց Հռիփսիմյանց բարձրագույն վարժարանում տեղի ունեցած խաչքարի բացման միջոցառմանը Լիբանանի կրթության եւ բարձրագույն կրթության նախարար Էլիաս Աբու Սաաբը՝ ներկայությամբ դեսպանների, պետական պաշտոնյաների եւ կրոնական առաջնորդների հայտարարեց, որ կայացված որոշման համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Լիբանանի բոլոր պետական եւ մասնավոր վարժարանները, արհեստի ու արվեստի դպրոցները փակ են լինելու:

Ապրիլի 21-ին Լիբանանում ՀՀ դեսպանության, «Lepsiushaus Potsdam»-ի եւ Հայկազյան համալսարանի համագործակցությամբ համաշխարհային ընթերցանության օրվա շրջանակներում Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման երեկո: Ապրիլի 22-ին Այնճար հայաբնակ ավանում կազմակերպվեց համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին իրենց կատարումներով ելույթ ունեցան Երեւանի պետական կամերային՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հարություն Թոփիկյան եւ Տրիպոլիի Ֆայհա՝ գեղարվեստական ղեկավար Պարգեւ Թասլաքյան, երգչախմբերը:

Ապրիլի 24-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հանդիսապետությամբ Անթիլիասի Մայրավանքում մատուցվեց Սուրբ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ապա Անթիլիասի Մայրավանքից կազմակերպվեց 50-հազարանոց  քայլարշավ դեպի Բուրջ Համուտի մարզադաշտ, ուր կազմակերպվեց մեծ ժովովրդական հավաք: Բազմահազարանոց հավաքին եւ Անթիլիասի միջոցառումներին ներկա էին Լիբանանի խորհրդարանի նախագահի եւ վարչապետի ներկայացուցիչները, կառավարության անդամներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, օտարերկյա դեսպաններ, ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը:

Միջոցառումները շարունակվեցին մայիս ամսին: Մայիսի 7-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բեյրութի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ հայ երաժիշտտների դասական համերգ, իսկ մայիսի 10-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրման արարողություն Միջերկրական ծովում:

Մոտակա ամիսներին նախատեսվում է Ջբեյլի «Թռչնոց բույնի» Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի բացումը, ինչպես նաեւ ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Բեյթեդդինի փառատոնին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Պարո՛ն դեսպան, դիվանագետների բարդ աշխատանքում նրանց անբաժան ուղեկիցներն են ընտանիքի անդամները: Պատմե՛ք նաեւ Ձեր ընտանիքի մասին:

Տիկնոջս` Գոհարի հետ ունենք երկու որդի: Դավիթը եւ Ստեփանը Երեւանում են, աշխատում են իրենց մասնագիտությամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ քաղաքական գիտություն:

Վերջին հարցն ուղղում ենք խորագրի շրջանակներում մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Դիվանագետը պետք է համընդգրկուն գիտելիքներ ունենա միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, համաշխարհային պատմության, գրականության եւ արվեստի, արարողակարգային նրբությունների մասին: Դիվանագետին անհրաժեշտ է քաղաքավարություն, ճկունություն, լայն աշխարհահայացք, սառնասրտություն, օտար լեզուների տիրապետում, իրազեկվածություն աշխարհում կատարվող իրադարձությունների մասին: Երբեք չպետք է ընկճվել, պետք է միշտ բարձր պահել Հայրենիքի պատիվը:

ԱշոտՔոչարյան

Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Ծննդյանթիվն ու վայրը

Ծնվել է 1957թ.հունիսի 8-ին ք. Երեւանում:

Կրթությունը

1979թ. ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտը՝ անգլերեն եւ ռուսերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ:

1987-1990թթ.սՍովորել է ՀՀ Ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում:

1992թ.           Ավարտել է Հաագայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հատուկ դիվանագիտական դասընթացները:

1993-1994թթ.          Վիեննայի դիվանագիտական ակադեմիա, Փիլիսոփայական գիտությունների թեկնածու՝ 1990 թ.ապրիլ:

Միջազգային հարաբերությունների եւ մարդու իրավունքների ոլորտներին վերաբերող մի  շարք հոդվածների եւ թարգմանությունների հեղինակ:

Աշխատանքային գործունեությունը

1979-1984թթ.          աշխատել է Մասիսի շրջանի միջնակարգ դպրոցում, որպես ուսուցիչ եւ դաստիրակության գծով դպրոցի տնօրենի տեղակալ (1983-84թթ.):

1984-1986թթ.          Աշխատել է Իրաքում, որպես անգլերեն լեզվի թարգմանիչ:

1991թ.           Աշխատել է Արդշինբանկում, որպես գլխավոր մասնագետ

1991-1992թթ.          Աշխատել է ՀՀ Ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում, որպես գիտքարտուղար:

1992-2003թթ.          Աշխատել է ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական, Եվրոպական երկրների եւ Միջազգային կազմակերպությունների վարչություններում:

1997-1999թթ.          Աշխատել է Վիեննայում ՀՀ դեսպանությունում, որպես 1-ին քարտուղար: 

1999թ.           Աշխատել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչությունում, որպեսխորհրդական, միաժամանակ ղեկավարելով մարդու իրավունքների բաժինը:

2002-2003թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ:

1994-2003թթ.          Որպես ՀՀ պաշտոնական պատվիրակությունների անդամ`մասնակցել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱԷՄԳ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵԽ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների գագաթնաժողովների, հատուկ նստաշրջանների եւ կոմիտեների աշխատանքներին:

2003-2005թթ.          Եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը:

2005-2009թթ.          ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հնդկաստանի Հանրապետությունում:

2005թ.           ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ինդոնեզիայում

Հուլիսից (համատեղության կարգով, նստավայրը` ՆյուԴելի):

2005թ.           ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շրի Լանկայում Հոկտեմբերից (համատեղության կարգով, նստավայրը` ՆյուԴելի):

2006թ.           ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Նեպալում հուլիսից (համատեղության կարգով, նստավայրը` ՆյուԴելի):

2009թ.փետրվարից            ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մալայզիայում (համատեղության կարգով, նստավայրը` ՆյուԴելի):

2009թ.սեպտեմբերից ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիբանանի Հանրապետությունում:

1988-2005թթ.          Դասավանդել է Հայաստանի տարբեր բարձրագույն կրթական հաստատություններում (միջազգային հարաբերություններ, փիլիսսոփայություն, անգլերեն):

2002-2003թթ.          Մարդկանց ապօրինի առուվաճառքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ:

«Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ:

Շքանշաններ, պարգեւներ

ՀՀ վարչապետի շնորհակալագիր, ՀՀ ԱԳ նախարարի շնորհակալագրեր

Օտար լեզուներ

անգլերեն, ռուսերեն, գերմաներեն

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

Տպել
Ամենաշատ