Արարատի մարզի Բաղրամյան եւ Այգեզարդ դպրոցների բուֆետներից նմուշառված խորիզով գաթայի, կարտոֆիլով կարկանդակի, բուլկիի եւ կեքսի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի կենտրոնից՝ անդրադառնալով սեպտեմբերի 10-ին այդ գյուղերում տեղի ունեցած զանգվածային թունավորումներին:

«ՍԱՊԾ-ն նմուշառումներ է կատարել թե Արարատի մարզի երկու՝ Բաղրամյանի եւ Այգեզարդի դպրոցների բուֆետից ու ճաշարանից, եւ թե դպրոցին սնունդ մատակարարող արտադրամասից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում արտադրամասում առկա սննդամթերքի հումքը՝ ձուն, ալյուրը, նրբերշիկը, շաքարավազը, ջուրը եւ խմորիչը անհամապատասխանություններ չեն ունեցել, իսկ բուֆետից նմուշառված խորիզով գաթայի, կարտոֆիլով կարկանդակի, բուլկիի եւ կեքսի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ»,- հայտնեցին ծառայությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Արտաշատի բժշկական կենտրոն են տեղափոխվել Բաղրամյան եւ Այգեզարդ գյուղերի ավելի քան 40 դպրոցական: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: