«Առողջ սունկ» ընկերությունը ոչ մի տեղ էլ չի տեղափոխվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանը:
«Չկա նման բան, մենք ոչ մի տեղ էլ չենք տեղափոխվելու, անհեթեթ տեղեկություններ են»,- ասաց Սուրեն Դավթյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:
Նշենք, որ Բյուրեղավանի քաղաքապետարանում օրերս տեղի է ունեցել «Առողջ սունկ» ՍՊԸ կոմպոստի արտադրամասի եւ նրան հարող տարածքներում մթնոլորտային օդի աղտոտման փաստն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը: Մեզ հետ զրույցում հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի տեղակալ Կամո Թումոյանը հայտնեց, որ նիստի ժամանակ իրենք առաջարկել են տեղափոխել ընկերությունը:
«Մենք ընդամենը առաջարկել ենք, մենք որոշում կայացնող չենք: Եթե «Առողջ սունկ»-ը հակափաստարկներ չներկայացնի, մենք կանցնենք հաջորդ քայլին: Բացի դրանից՝ դիմել ենք բնապահպանության նախարարությանը, որը ուսումնասիրություններ կատարի ընկերությունում եւ պարզի, թե ինչքանով է ընկերության գործունեությունը վնասում շրջակա գյուղերին»,- ասաց Կամո Թումոյանը:
Նա նշեց, որ մոտ 2 շաբաթ հետո իրենք նորից նիստ են հրավիրելու՝ ամփոփելու ընկերության ներկայացրած փաստարկներն ու նախարարության ուսումնասիրության արդյունքները:
Հիշեցնենք, որ «Առողջ սունկ» ընկերության գործունեությունից դժգոհում են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչները, որոնք պնդում են՝ գարշահոտություն է տարածվում համայնքում:





























