Եթե Ադրբեջանը շարունակի իր նման ռազմավարությունը, բանակցային սեղանին կդրվի նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Գնահատելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում տեղի ունեցող դեպքերը, Դավիթ Տոնոյանը հայտարարել է հետեւյալը.
«Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետեւանքով ունեցանք քաղաքացիական զոհեր եւ 1994թ մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի եւ այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:
Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջեւ բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման եւ վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»:




























