Դժվար է կոնկրետ բաղադրատոմս գտնել, որը կարող է պիտանի լիներ հարեւան երկրների հետ խնդիրներ ունեցող բոլոր պետությունների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նա անդրադարձել է վերամիավորումից հետո հարեւան երկրների հետ Գերմանիայի հաշտեցման գործընթացին՝ փորձելով զուգահեռ տանել Հայաստանի հետ:

«ԽՍՀՄ փլուզումից հետո դրա մաս կազմող երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ինչպես նաեւ Գերմանիան, սկսեցին իրենց պատմության նոր էջը։ Դժվար է կոնկրետ բաղադրատոմս գտնել, որը կարող է պիտանի լիներ հարեւան երկրների հետ խնդիրներ ունեցող բոլոր պետությունների համար։ Անհնար է հետ շրջել պատմությունը, եւ Գերմանիան դրա հետ ստիպված էր համակերպվել։ Գերմանիային պատկանող շատ տարածքներ հիմա Լեհաստանին են պատկանում։ Մեզ համար շատ դժվար էր  դրա հետ համակերպվելը, բայց դա շատ կարեւոր էր հարեւանների հետ հաշտեցման գնալու համար»,-ընդգծել է դեսպանն ու հավելել.

«Ձեր պատմությունն ուրիշ է։ Հարեւան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ձեր խնդիրներին լուծում գտնելու համար բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջումների։ Պետք է կարողանալ անցյալը մշակել, բաց միշտ առաջ նայել՝  նոր ճանապարհներ գտնելու համար։ Իհարկե կարեւոր է սկզբունքային լինելը, բայց պետք է պատրաստ լինել նաեւ պրագմատիկ լուծումների»: