Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր՝ հոկտեմբերի 21-ին,  ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա եւ նրան մարմնական վնասվածքներ հասցրել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սամսոն Ղազարյանը պատմեց հետեւյալը.

«Կանգնած էի մեքենայով, նախաճաշում էի, եկավ ձեռքով հենվեց պատուհանիս, ասում է՝ դու ով ես, ինչ սերվիսի տաքսի ես քշում: Ես էլ ասացի դու ո՞վ ես, որ քեզ ասեմ: Սկսեց քաշքշել, իջեցրեց մեքենայից, հարվածներ հասցրեց: Բավականին պնդակազմ տղա էր, ես պաշտպանվում էի, բայց հարվածներից մեկը կպավ այտոսկրիս, հիմա այտուցվել է: Գոռաց՝ վիզդ կկտրեմ ու գնաց: Այդ տղան սեւ գույնի «ԳԱԶ 24» մակնիշի 062 ԼԼ 10 համարանիշի մեքենա էր վարում»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը նշեց, որ չի ճանաչել իր վրա հարձակված երիտասարդին: Նրա խոսքով, ինքը զանգահարել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության հեռախոսահամարով, սակայն զանգերին չեն պատասխանել. «Ոստիկանությունում  անծանոթ զանգերին չեն պատասխանում»,- ասաց Սամսոն  Ղազարյանը:

Նշենք, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը  վերջին տարիներին տաքսի է վարում: