News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Լայպցիգի համալսարանի պատմաբան Բալինթ Քավաքսի հետ զրուցեցինք Տրանսիլվանիայի հայերի և 1930 թ. հրատարակված «Կարմիր լուսին» անվամբ ստեղծագործության մասին, որը ներկայացնում է Մկրտիչ Բոդուրյանի կյանքն ու ցեղասպանության մասին նրա հուշերը:

Akunq.net-ի թարգմանությամբ ներկայացնում ենք Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հրապարակումը։

Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհում ամենուր՝ Ամերիկա մայրցամաքից մինչև Ավստրալիա, Եվրոպայից մինչև Ասիա, կարելի է ողջ մնացած հայերի հետք տեսնել: Որոշ շրջաններում հայերի անցյալը ցեղասպանությունից ավելի վաղ՝ 15, 16, 17-րդ դարեր է ձգվում: Որոշ վաճառականներ չեն վերադարձել այն վայրերից, որտեղ մեկնել էին աշխատանքի բերումով և շարունակել են բնակվել այդտեղ: Նման օրինակներ կարելի է տեսնել նաև Տրանսիլվանիայում: Մինչդեռ Մկրտիչ Բոդուրյանը վաճառական չէ, այլ` ցեղասպանությունից փրկված երեխա: Հոր սպանությունից կարճ ժամանակ անց մոր և եղբոր հետ միասին Տրանսիլվանիա է գաղթել: Ցեղասպանության վերաբերյալ Բոդուրյանի վկայությունները, նրա կյանքն արտացոլվել են 1930 թ. լույս տեսած «Կարմիր լուսին» ստեղծագործության մեջ: Այս ստեղծագործության, ինչպես նաև Տրանսիլվանիայի հայերի մասին զրուցեցինք Լայպցիգի համալսարանի պատմաբան Բալինթ Քովաքսի հետ:

Ի՞նչ գիտեք Մկրտիչ Բոդուրյանի ինքնության և կյանքի մասին:

Մկրտիչ Բոդուրյանը փախել է Օսմանյան կայսրությունից, դարձել հոգևորական և բնակություն հաստատել Տրանսիլվանիայի Ֆրումոսա քաղաքում: Հայոց ցեղասպանությանն է նվիրված նրա «Կարմիր լուսին» անվամբ հունգարերեն գիրքը, որը լույս է տեսել 1930 թ.` Ժանոս Բոդուրյան ստորագրությամբ:

Գիտենք, որ ծնվել է 1898 թ., Ստամբուլի մերձակայքում գտնվող Պարտիզակ գյուղում, հայրը գորգավաճառ է եղել և սպանվել, երբ Բոդուրյանը դեռ երեխա էր: Հոր սպանությունից հետո մոր և եղբոր հետ գաղթել է Ռումինիա և հաստատվել Կոնստանցա քաղաքում: Գրողը Կոնստանցա է հասել ձիթենու տակառի մեջ՝ ծովով լողալով: Վենետիկի Սուրբ Ղազար կղզու մենաստանում (նկատի ունի Մխիթարյան միաբանությունը-Ակունքի խմբ.) կրոնական կրթություն ստանալուց հետո 1928 թ. 2 տարով Ֆրումոսի շրջանի վանական է նշանակվել: Հավանաբար իր պարտականությունները հաջողությամբ է կատարել, քանի որ շուրջ 30 տարի այս քաղաքում է մնացել, մինչդեռ եղբայրը Բուխարեստից Տրանսիլվանիա է գնացել: Ավելի ուշ երկուսն էլ իրենց մոր հետ միասին ներկայիս Ռեգհինե քաղաք են տեղափոխվել:

Բուխարեստում բնակվելու տարիներին Դոդուրյանը մեխանիկական մամլիչ սարք է ձեռք բերել և տարածաշրջանի փաստաթղթերն արդեն տեղում և ավելի արագ են տպագրվել: Հանրագիտարանի ուսումնասիրությունների համար Երևան է գնացել, սակայն հիվանդացել է և այնտեղ իր մահկանացուն կնքել:

1959 թ. Բոդուրյանը Մատենադարանում աշխատելու համար Խորհրդային Հայաստան է մեկնել՝ 12 հատորից բաղկացած Հայկական հանրագիտարանն ավարտելու նպատակով: Նրա ամբողջ ուղեբեռը գիրք է եղել, և Ռումինիայի հետախուզական ծառայությունները պարզել են դա, ուստի՝ Բուխարեսի անվտանգության ուժերն անհայտ պատճառով առգրավել են Բոդուրյանի նյութերը՝ բազմաթիվ գրություններն ու արխիվային փաստաթղթերը: Երևան ժամանելուց կարճ ժամանակ անց մի անողոք հիվանդություն է ձեռք բերել և մեկ տարի անց մահացել:

Գրքի անվանումը որտեղի՞ց է ծագում:

Գրողն ինքը իր ստեղծագործության առաջաբանում հետևյալ կերպ է դա պարզաբանում. «1916 թ. էր: Արարատից շատ ու շատ հեռվում՝ Սաուդյան Արաբիայի անապատներում, հազարավոր սովյալ հայեր դեռ փախչում էին ու փախչում: Մթագնած աչքերը դեպի դրախտ էին հառել և պատրաստ էին մահը գրկելուն: Հետո մի երեխա մորը հարցրեց. «Մայրի´կ, լուսնին նայիր, ինչո՞ւ է այսպես կարմիր»: Իսկ մայրը պատասխանեց. «Մեծ պատերազմ է, տղա´ս: Մեծ պատերազմի ժամանակ թափված արյունը, որ հիմնականում հայերի երակներից հոսեց, լճեր առաջացրեց, որոնց գույնն արտացոլվեց լուսնի վրա»: Սիրելի’ ընթերցող, հիմա Կարմիր լուսնի վկայությամբ Ձեզ մի քանի դեպքի մասին կպատմեմ, որ Մեծ պատերազմի ընթացքում են տեղի ունեցել»:

Ինչի՞ մասին է պատմում «Կարմիր լուսինը»:

Գրքում զետեղված պատմվածքների մեծ մասը Բոդուրյանի կյանքի հետ է առնչվում: Գրողը Օսմանյան կայսրությունում և Տրանսիլվանիայում միաժամանակ տեղի ունեցող իրադարձություններն այնպես է ներկայացնում, որ դրանք կարծես կիսամտացածին են կամ իսկապես պատահել են իր հետ: Որոշ պատմվածքներում նաև Արևելյան Եվրոպայի այլ քաղաքների հայկական գաղթօջախների մասին է խոսում:

Ստեղծագործության մեջ համառոտ տեղ են գտել նաև որոշ պատմական վարկածներ, որոնցից մեկը մուսուլմանացված հայերին է վերաբերվում: Նոյեմի անունով մի հայ աղջկա պատմության մեջ անդրադարձ է կատարված իսլամացված հայերի դրությանը: Աղջկա ծնողները փախել են և նրան որդեգրության տվել, որ ողջ մնա: Հետագայում նրանք ցեղասպանության ժամանակ կոտորվել են, իսկ Նոյեմիին 1992 թ. գտել է նրա եղբայրը, ով Հալեպի որբանոցներից մեկում է եղել… Այս գլխում անգամ մտացածինն ու իրականն այնպես են միահյուսվել, որ հնարավոր չէ զանազանել, թե որն է իսկապես տեղի ունեցել, և որն է գրողի երևակայության ծննունդը: Երկու դեպքում էլ 1931 թ. մուսուլմանացված հայերի ճակատագրի մասին պատմող այս գեղարվեստական ստեղծագործությունն աղբյուրագիտական կարևորություն ունի: Մեկ այլ գլուխ նկարագրում է ցեղասպանության ընթացքն ու տեղահանությունը: Գրքում պատմվածքներից մեկի թեման իրենց ընտանիքներին կորցրած և որբանոցում հայտնված երեխաներն են, ովքեր տարիներ անց միմյանց գտել են գործարաններում աշխատելիս: Պատմում է նաև Եփրատ գետում խեղդվածների մասին, և ի վերջո գրում է նաև համաճարակային հիվանդությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկանց մահված պատճառ դարձան: Մեկ ուրիշ պատմվածքում մահից փրկված երկու եղբայրների մասին է պատմում, որոնց զավակ չունեցող մի քուրդ ընտանիք էր գտել և որդեգրել: Մյուս կողմից գիրքը Կոմիտասի մասին մի տեսակետ է առաջ քաշում, որ Կոմիտասի երգերը, հատկապես` «Տեր ողորմյան», քաջ հայտնի են եղել Պարտիզակի բնակիչներին: Սա, ըստ էության, ցույց է տալիս, թե որ հասարակություններն են նախքան գաղթելը եկեղեցիներում սհակարան (շարական) երգել:

Գիրքը Հունգարիայում ժողովրդականություն վայելո՞ղ ստեղծագործություն էր:

Գիրքը նախ տպագրվել է տանը՝ սովորական տպարանով, ինչն էլ հանրայնացման և տվյալները թաքցնելու-թարմացնելու առումով որոշակի դժվարություներ է հարուցել: Սակայն, այնուհանդերձ, գիրքը բավականաչափ հայտնի և հավանության արժանացած պետք է որ լինի, քանի որ վերահրատարակվել է 1930, 1931 և 1932 թվականներին: Բացի այդ՝ 1933 թ. ընթերցողի դատին է հանձնվել նաև գրքի հայերեն թարգմանությունը:

Գիրքը վերահրատարակվել է նաև 2000 թ., ինչպես նաև` 2013-ին: Առաջին տպագրությունը հովանավորել է «Մկրտիչ Բոդուրյան» հիմնադրամը, որը ստեղծվել է գրողի ընտանիքի կողմից` նրա անունը վառ պահելու նպատակով:

Բոդուրյանի ստեղծագործությունն այսօր Հունգարիայում և Տրանսիլվանիայում այս ոլորտում ամենաընթեռնելի երրորդ գիրքն է. առաջինը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպն է, իսկ երկրորդը՝ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» ստեղծագործությունը: Սակայն հարկ եմ համարում նշել, որ 1931 թ. սկզբներին Հայոց ցեղասպանություն հղմամբ հունգարերեն գրքի հրատարակումը լուրջ իրադարձություն է եղել:

Բոդուրյանի անվան հիմնադրամի մասին նշեցիք…

Բոդուրյան ընտանիքի որոշ անդամներ 1990-ական թթ. սկզբներին են իմացել, որ իրենց պապերն ու ապուպապերը հայ են եղել: Եվ թեև այսքան ուշ են իմացել, հետաքրքրության և խանդավառության զգացումով հիմադրամ են ստեղծել այն գրողի պատվին, ով հունգարերեն է գրել ու հրատարակել հայոց պատմությունը: Հիմանադրամի նախագահ Յանոս (Հովհաննես) Բոդուրյանը Մկրտիչ Բոդուրյանի եղբորորդին է, այսինքն՝ զարմիկը, ով ներկայում Տրանսիլվանիայի նշանավոր կոնսերվատորիաներից մեկի՝ Օդորհեու Սեքուեսքի տնօրենն է:

Կարո՞ղ եք խոսել դեպի Հունգարիա հայերի գաղթի մասին:

Հայտնի է, որ հայերը միջնադարից ի վեր Կարպատյան ավազանում են բնակվել: 17-րդ դարի երկրորդ կեսին Մոլդովիայից 3000 ընտանիք Տրանսիլվանիա է տեղափոխվել: Մինչդեռ ըստ պատմական աղբյուրների՝ մի քանի հարյուր բնակիչներից միայն որոշ ընտանիքներ են այստեղ հաստատվել: 1672 թ. Տրանսիլվանիայի այդ ժամանանակի արքայազն Միհալի Ապաֆին այս տարածաշրջանում բնակություն հաստատած ընտանիքների համար տարբեր առավելություններ ու իրավունքներ է սահմանել: Շատ կարևոր էր համարվում այն, որ հայերը բնակություն են հաստատել այս տարածաշրջանում, քանի որ հավատում էին՝ հիմնականում վաճառական ու արհեստագործ այս ժողովուրդը տվյալ տարածքի տնտեսության համար չափազանց կարևոր դեր էր խաղալու: Թերևս դա էր շնորհված առավելությունների հիմնական պատճառը: Ըստ էության, հայերը ժամանակի ընթացքում ճնշող մեծամասնություն են կազմել վաճառականության ոլորտում, իսկ այդ տեղանքն այնպիսի շրջան է դարձել, որ քննել է իրենց դատական հայցերը, օրենքներն ու վաճառական գործերը:

Իսկ ի՞նչ կարող եք ասել Տրանսիլվանիայի հայերի մասին:

Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայեր Տրանսիլվանիա են գաղթել, որոնց մի մասը հայ կաթոլիկ վանականներ ու Ստամբուլի Մխիթարականներն են եղել: Տրանսիլվանիայի Գյերլա քաղաքի տեղական որբանոցը բազում որբերով է բնակեցվել:

Արխիվային աղբյուրներն ուսումնասիրելիս կարող ենք հստակ տարբերություն տեսնել տարածաշրջանում հնուց ի վեր բնակվող և ցեղասպանության ընթացքում եկած հայերի միջեւ: Գաղթի նոր ալիքի հետ` բնակչության շրջանում նոր մտածելակերպ է ծնվել, օրինակ՝ ովքեր նոր էին գաղթել, հավատում էին, որ իրենց գալուստով հայկական ոգին վերածնվելու էր, քանի որ վերջիններս հայերի ավանդական մանածագործության՝ մետաքսագործության նոր գաղթօջախ էին ձևավորել: Ժամանակի ընթացքում «հին հայերի» և «նոր հայերի» միջև որոշակի տարաձայնություն է առաջացել, որի արդյունքում Մխիթարականները լքել են Տրանսիլվանիան:

Որպես վերջաբան կպատմե՞ք մեզ ձեր մասին:

Լայպցիգի համալսարանում պատմություն եմ դասավանդում և ուսումասիրություն իրականացնում Միջինարևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի բաժնում՝ պրոֆ. Ստեֆան Տրոեբսթի ղեկավարությամբ, ով Միջինարևելյան Եվրոպայի հայերի շուրջ հետազոտական ծրագրի համակարգողն է:

Միևնույն ժամանակ դասավանդում եմ նաև Հունգարիայի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանում: 2010 թ. պատմության գծով դոկտորական ատենախոսություն եմ պաշտպանել՝ «Հայերը Տրանսիլվանիայում 17-րդ և 18-րդ դարերում» թեմայով:

Բուդապեշտում երկու միջազգային ցուցադրություն եմ կազմակերպել, մեկը` 2012 թ., Բուդապեշտի պատմության թանգարանում` «Արարատից շատ հեռու» խորագրով, իսկ մյուսը 2015 թ., «Հայերի ողբերգությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին -100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը» ցուցադրությունն է: Այս վերջինը Բուդապեշտում հունգարական և հայկական ազգային գրադարաններում եղած աղբյուրների հիման վրա է կազմակերպվել:

Տպել