Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի գործով ՌԴ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Ինչպես հայտնել է ՆԳՆ Տուլայի մարզային վարչության մամուլի խոսնակ Անդրեյ Յարցեւը, գործը հարուցվել է «Ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու հետեւանքով անզգուշաբար 2 կամ ավելի անձանց մահ պատճառելու» հոդվածով։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՏԿԱԻՆ վերջին տեղեկությունների՝ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի։ Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:
Ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 համարանիշի ավտոբուսը դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:





























