Ռուսաստանում նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին տրամադրվել է հանրային պաշտպան, սակայն «Քինգ Դելյուքս»-ը մտադիր է փաստաբան վարձել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

2-ամսյա կալանքի տակ գտնվող Գառնիկ Հարությունյանին նոյեմբերի 4-ին դատարանում պաշտպանել է հանրային պաշտպան Անդրեյ Բակշեեւը, քանի որ ոչ աշխատանքային օր է եղել «Քինգ Դելյուքսի» սեփականատեր Արթուր Հարությունյանը չի կարողացել փաստաբան վարձել:

«Տուլայում գտնվող Արթուր Հարությունյանը հայտնել է, որ նոյեմբերի 5-ին մտադիր է փաստաբան ներգրավվել գործում»,- ասացին դեսպանատնից:

Նշենք, որ նոյեմբերի 4-ին Տուլայի դատարանը 2-ամսյա կալանքի տակ է վերցրել Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: