Լոռու մարզի Վահագնի գյուղում փետրվարի 22-ին սպանված Նվեր Քոչինյանի քույրը պնդում է, որ եղբոր սպանության մեջ մեղադրվողը նրանցից չի փորձել վրեժ լուծել ու պատահածը կապ չունի տարիներ առաջ մեղադրյալի ընտանիքի սպանության հետ:
«Եղբայրս բացարձակ կապ չունի 16 տարի առաջ իրականացված ոճիրի հետ, այն ժամանակ, երբ Կախյանների ընտանիքին սպանեցին, ախպերս ու Արմեն Կախյանը մտերիմ էին՝ եղբայրների պես, մինչեւ վերջին 5 տարին իրենք հարազատ ախպոր նման են եղել, իրար թեւ ու թիկունք են եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Նվեր Քոչինյանի՝ Հերմինեն:
Հերմինե Քոչինյանը, այնուամենայնիվ, չհերքեց, որ իր եղբայրը եւ նրան սպանելու մեջ մեղադրվող Արմեն Կախյանը տարաձայնություններ են ունեցել: Նա պատմեց, որ 5 տարի առաջ Արմենը Նվերին որպես իր մտերիմ առաջարկել է իր հետ մեկնել ՌԴ՝ իրեն պատկանող փայտամշակման գործարանը աշխատեցնելու նպատակով: Չնայած իրենց ընտանիքը դեմ է եղել, որ Նվերը Արմենի հետ ՌԴ մեկնի, նա մեկնել է, կարճ ժամանակ անց տարաձայնություններ են առաջացել ու Նվերը վերադարձել է Հայաստան.
«Այդ օրվանից հետո Նվերն ու Արմենը չեն շփվել իրար հետ բացարձակ, բայց մեկը մեկին որեւէ գումար պարտք չի եղել, ոչ մի կիսելու բան չեն ունեցել»,- ասաց նա:
Ըստ Հերմինեի` դեպքի օրը Նվերն ու Արմենը պատահական են հանդիպել իրար, ամեն ինչ վայրկյանների ընթացքում է տեղի ունեցել:
Քրոջ պատմելով` Նվերը բարեկամի հետ տուն գնալիս է եղել, պատահաբար հանդիպել է Արմենին, երկու բառ են փոխանակել, ու Արմենը կրակել է:
Դեպքի պահին Նվերի հետ եղած բարեկամի խոսքով`նրանց միջեւ նույնիսկ վիճաբանություն կամ լեզվակռիվ չի եղել, «Արմենը միանգամից կրակել է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում փետրվարի 22-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. գիշերը ժամը 1:30-ից 2.00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Վահագնի գյուղի գլխավոր փողոցում, որն ավարտվել է սպանությամբ: Գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացել է նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանը:
Մեզ հայտնի է դարձել, որ սպանվածն ու սպանությունը կատարելու մեջ կասկածվողը՝ Արմեն Կախյանը, համագյուղացիներ են, տարիներ առաջ մտերիմ ընկերներ են եղել, միասին աշխատել են ՌԴ-ում, ապա ինչ-որ ֆինանսական հարցերի շուրջ անհամաձայնություններ են եղել, որն էլ վերածվել է թշնամանքի:
Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Արմեն Կախյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշենք, որ Կախյանի ընտանիքը (7 մարդ), այդ թվում կանայք ու երեխաներ, դաժանաբար սպանվել էին 2000թ-ին:





























