News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Բեռլինում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Քննարկման գլխավոր թեման ղարաբաղյան հակամարտությունն էր: Մերկելը կարեւորել է ոչ միայն հրադադարը պահպանելը, այլեւ քաղաքական գործընթացում առաջընթաց գրանցելը: Մերկելի խոսքով՝ իրենց նպատակը միասնական փաթեթի ընդունումն է, որով քայլ առ քայլ կկարգավորվի հակամարտությունը մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Ալիեւը, իր հերթին, անդրադարձել է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի շուրջ քննարկումներին եւ նշել, որ Ռուսաստանը, որպես զենքի մեծ մատակարար, ճիշտ է վարվում: Իսկ Ադրբեջանը զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Բելառուսից, Իրանից, Իսրայելից, Թուրքիայից: Ավելին՝ Ալիեւը հույս է հայտնել, որ Մոսկվան Հայաստանին կհամոզի Ադրբեջանին վերադարձնել տարածքները:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը համերաշխության կոչ է հղել Արցախի ՊԲ նախկին ու ներկա հրամանատարներ Սամվել Բաբայանին եւ Լեւոն Մնացականյանին՝ ասլով, որ նրանց հակասությունը խարխլում է ժողովրդի եւ բանակի հավատը, թուլացնում պաշտպանունակությունը, ինչը կարող է անդառնալի ծանր հետեւանքներ ունենալ Արցախի ու համայն հայության համար: Ըստ Սեֆիլյանի՝ այս օրհասական պահին, երբ հակառակորդը հերթական հարձակումն է պատրաստում, անհրաժեշտ է համազգային միասնություն:

Նախօրեին Բակո Սահակյանը հանդիպել է քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշ գյուղից տեղափոխված բնակիչների հետ: Հանդիպումը կայացել է Չարենցավանում, որտեղ ժամանակավոր բնակություն է հաստատել թալիշցիների մեծ մասը: Հանդիպման գլխավոր թեման թալիշցիների հետագա բնակեցման հարցն էր:  Արցախում ապաստանած թալիշցիները կտեղափոխվեն Քոլատակ եւ Կիչան գյուղեր, որտեղ այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում: Մի մասին էլ ժամանակավորապես կտեղավորեն Ալաշան գյուղում, ապա երբ տների շինարարությունն ավարտվի, բոլորը կտեղափոխվեն Մարտակերտի շրջանի Նոր Կիլիկիա գյուղ:  Թալիշցիները NEWS.am-ի հետ զրույցում ասել են, որ որտեղ էլ լինի, իրենք ցանկանում են համագյուղացիներով միասին լինել, որպեսզի հետագայում բոլորով վերադառնան Թալիշ:

Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել՝ վաշտի հրամանատարին ծեծելու համար։ Քննչական կոմիտեի տվյալով՝  մայիսի 16-ին երեկոյան վաշտը ստուգելիս կապիտան Խաչատրյանը պարզել է, որ շարքում ալկոհոլ օգտագործած զինծառայողներ կան, ինչի մասին զեկուցել է գումարտակի հրամանատարին, ապա պահանջել, որ շարքից դուրս գան ալկոհոլ օգտագործած զինծառայողները: Վեց զինծառայող դուրս է եկել շարքից եւ վիճել նրա հետ, ապա ձեռքերով, ոտքերով հարվածել նրան։ Նրանք բոլորը   կալանավորված են:

Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ազգային ժողովում պահանջել է դադարեցնել զինծառայողներին ստորացնող պրակտիկան, երբ հատկապես ապրիլյան պատերազմից հետո պաշտոնյաներին, մեծահարուստներին եւ մշակութային գործիչներին զորամասերում դիմավորում են շարահրապարակում շարված զինվորական ստորաբաժանումները:

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է Հայաստանում եվրոպական վիզաներ տրամադրող կենտրոնների գործունեությանը: Դրանք վերածվել են իսկական գետտոների, որտեղ մարդկանց նվաստացնում են եւ տասնյակ հազարավոր գումարներ գանձում: Պագամավորը պահանջում է վերջ տալ այս գործելաոճին:

Ազգային ժողովում բարձր տրամադրությունն այսօր ապահովել է Նիկոլ Փաշինյանը: 2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կառավարության անգործությունը ավելի պատկերավոր նկարագրելու համար Փաշինյանը հիշեցրել  «Կարգին հաղորդման» մանրապատումներից մեկը:

Այսօր Ադրբեջանի քաղաքացի է հատել հայ-ադրբեջանական սահմանը՝ Մեհրաբի ուղղությամբ: 39-ամյա Վալիեւա Զոհրա Վարձար- քըրզեն Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: Ստուգումներ են կատարվում նրա մասին լրացուցիչ տվյալներ , նաև հայկական կողմն անցնելու հանգամանքները պարզելու նպատակով: Զոհրա Վելիեւային հայտնաբերելու մասին համապատասխան կարգով տեղեկացրել են Կարմիր խաչի  երեւանյան գրասենյակին:

Հովիկ Աբրահամյանի հրամանով  իր սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից։

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում հունիսի 4-ին տեղի ունեցած սպանության մասին: 58-ամյա Եղիշե Խաչատրյանին սպանել են մոր աչքի առջեւ: Դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի «ավտոշուկայի» մոտ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վեճի պատճառը եղել է ճանապարհը միմյանց չզիջելը: Եղիշեն նկատողություն է արել մյուս մեքենայում նստած երիտասարդներին, որոնք էլ դաժան ծեծի են ենթարկել նրան, ապա թողել են ընկած ու փախուստի դիմել: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունեցել տուժողի մոր աչքի առջեւ, որը որդու մեքենայի մեջ է եղել: Մինչեւ «Շտապօգնության» գալը Եղիշեն մահացել է: Նա հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն է: Ոստիկանությունն այժմ որոնում է փախուստի դիմած երիտասարդներին, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, Նոր Արեշի բնակիչներ են:

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար բուհերում հատուկ անվճար տեղեր կբացվեն: Կրթության եւ գիտության նորանշանակ նախարարը հույս ունի իր այս ծրագիրը գործարկել արդեն հաջորդ ուսումնական տարում: Լեւոն Մկրտչյանն այլ փոփոխություններ էլ է նախատեսում՝ ոչ պետական բուհերի խոշորացում, ուսուցիչների մրցույթի կարգի փոփոխություն՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով, 12-րդ դասարանցիների ուսումնական ծրագրի բեռնաթափում, լրացուցիչ անվճար տեղեր՝ բնագիտական մասնագիտությունների համար

Նախարարը, որն այսօր ներկա էր Հայոց լեզվի միասնական քննությանը, նկատել է՝ նախորդ տարիների համեմատ նվազել է լարվածությունը  դիմորդների եւ նրանց ծնողների մոտ: Պատճառը թերեւս մրցակցության բացակայությունն է: Նախորդ տարվա համեմատ՝ դիմորդների թիվը նվազել է 400-ով ու դիմորդները գիտեն, որ նվազագույն գիտելիքներով էլ կարող են բուհ ընդունվել: Այնուամենայնիվ, նախարարը հարկ է համարել հանգստացնել դիմորդներին:

Քննությունից հետո դիմորդները նշել են, որ Շտեմարանում հայտնաբերված վրիպակները չեն շտկվել եւ կրկնվել են քննական թեստերում: Ծնողների դժգոհության հիմնական պատճառը դրսում տեղադրված էկրաններն էին, որոնք քննասենյակից պատկերը հստակ չեն հաղորդում, բացի դրանից յուրաքանչյուր ծնողի ընդամենը 10 րոպե են թույլ տալիս մնալ էկրանի դիմաց: Ի դեպ, քննական կարգը խստացվել էր: Դիմորդներից քննասենյակ մտնելիս հավաքեցին քննությանը չառնչվող բոլոր իրերը՝  այդ թվում ջուրը եւ քաղցրավենիքը

Դոլարը, եվրոն ու ռուբլին արժեւորվել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 478, եվրոյինը՝ 544, ֆունտինը՝ 697, իսկ ռուբլունը՝ 7.36 դրամ:

Հունիսի 8-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Երեւանում  ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ