News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Աշխարհը ցնցված է ամերիկյան Օռլանդո քաղաքում տեղի ունեցած սպանդից, որը ամենաարյունալին է ԱՄՆ պատմության մեջ: Հրացանով ու ատրճանակով զինված 29-ամյա Օմար Մարտինը ներխուժել է գիշերային ակումբ, որտեղ հիմնականում միասեռականներն են հաճախում և պատանդ վերցրել այնտեղ գտնվողներին: Ոստիկանությունը փորձել է գրոհով ազատել պատանդերին,  սկսվել է հրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է անվազն 50 և վիրավորվել 53 մարդ:  Հանցագործը նույնպես սպանվել է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա կատարվածը ահաբեկչություն է որակել: Ավելի ուշ ՀԴԲ-ն  հայտնել է,  որ իրենց տեղեկություններով Օմար Մաթինը, որը ծագումով Աֆղանստանից է,  ԻՊ գաղափարակիր է: Օմարի հայրը խոստովանել է, որ որդին ատում էր նույնասեռականներին: Կատարված ողբերգությունից հետո ամերիկյան հասարակությունում նորից սկսել են բարձրաձայնել՝ քաղաքացիներին զենքի անարգել վաճառքն օրենսդրորեն արգելելու հարցը:

Նոր ձերբակալություններ՝ այս անգամ Առողջապահության նախարարությունում: Առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, գործակալության Երեւանի  քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը կասկածվում են  պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Նրանց ձերբակալել են 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում:  

Սամվել Ալեքսանյանին պատկանող  ընկերությունները նորից  դատարանում են. այս անգամ` վիսկիի պատճառով: Պատճառը «Երեւան Սիթի» սուպերմարկետում վաճառվող վիսկիներին, որոնք իրենց ապրանքային տեսքով նման են հայտնի վիսկի արտադրողների արտադրանքին: Մայիսի 11-ին շոտլանդական Վիսկիի ասոցիացիան հայց է ներկայացրել  ընդդեմ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ների՝ պահանջելով, որ պատգամավորը դադարեցնի ապօրինի գործունեությունը և հատուցի պատճառած վնասները:

58-ամյա Եղիշե Խաչատրյանի  սպանության գործով հետախուզվող երկու երիտասարդները ներկայացել են ոստիկանություն:  26-ամյա Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը կալանավորվել են: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են Եղիշե Խաչատրյանին ծեծելով սպանելու մեջ: Վեճը առաջացել էր, երբ Եղիշեն նրանց նկատողություն էր արել մեքենայով ճանապարհը չզիջելու համար: Եղիշեին սպանել են 80-ամյա մոր աչքի առջեւ:

Արցախում անցած տարվա մայիսի 8-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայողի գործը դատարանում է:Նախաքննությամբ ապացուցվել է, որ Հարություն Համբարյանը, որը Հայաստանի փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի ազգականն է, ստորացման եւ ծեծի է ենթարկվել ծառայակիցների կողմից: Մեղադրանք է առաջադրվել Հարությունի հինգ ծառայակիցներին: Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողին գտել էին մարտական դիրքում իրեն ամրակցված զենքից գլխին ստացած մահացու վիրավորումով: Հարազատները վստահ են, որ Հարությունը չէր կարող ինքնասպանություն գործել:

19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի հարազատները նույնպես չեն հավատում ինքնասպանության վարկածին: Մարտի 14-ին Կամոյին հրազենային վնասվածքից մահացած էին գտել Տավուշի մարտական դիրքերից մեկում: Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 ծառայակիցների, այդ թվում՝ մեկ ավագ սերժանտի: Նրանք մեղադրվում են հիմնականում Կամո Մարտիրոսյանին վիրավորանք հասցնելու մեջ, ինչը հանգեցրել է զինծառայողի ինքնասպանության:

Երեւանում գիշերը ոստիկանի են ծեծել:Հիվանդանոց տեղափոխված 33-ամյա Հրաչյա Մելքոնյանը  պատմել է, որ Ռուբինյանց փողոցում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ 4 մարդ հարձակվել է իր վրա և մի քանի անգամ երկաթով հարվածել գլխին: Ավագ լեյտենանտին ծեծի ենթարկելու կասկածանքով երկու անձ է բերման ենթարկվել:

  Ազգային ժողովի առջեւ այսօր հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք գնացել էին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման դեմ: Բողոքի ակցիան, սակայն, չի կայացել, քանի որ հավաքվածները պարզել են, որ համաձայնագիրը ներառված չէ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:

91 տարեկանում կյանքից հեռացել է Օֆելյա Համբարձումյանը: ՀԽՍՀ ժողովրդական արտիստը բեմում է եղել 70 տարի, իսկ վերջին տարիներին մեկուսացել էր, ապրում էր քաղաքից դուրս իր երազած պտղատու այգով տանը: Վերջին անգամ երգչուհին հասարակությանը ներկայացել էր նախորդ տարվա սեպտեմբերի 24-ին իր մասին պատմող «Օֆելյա» ֆիլմի պրեմիերային:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները թուլացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 478, ռուբլունը՝  7.27 , եվրոյինը՝ 538, ֆունտինը՝ 677 դրամ:

Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը  կբարձրանա 2-3 աստիճանով:  Վաղը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ՝ գիշերը կլինի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ